ՀՀ ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․
«Նոր փաստերն առավել են ապացուցում ադրբեջանական պատերազմական հանցանքները. տեղի են ունենում թիրախային ագրեսիվ հարձակումներ` գյուղի (քաղաքի) խաղաղ բնակիչներին սպանելու, նրանց սեփականությունն ու ողջ գյուղն ավերելու հանցավոր դիտավորությամբ: Սրանք ոչ թե առանձին արարքներ են, այլ հիմնված են ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վրա` լինելով այդ միասնական շղթայի բաղադրիչներ:
Այս գիշերվանից Հայաստանի նկատմամբ սանձազերծած ադրբեջանական ամենաագրեսիվ հարձակումների ենթարկված գյուղերից է Սոթքը (Գեղարքունիքի մարզ):
Ողջ գիշեր ու այսօր ողջ օրվա ընթացքում ագրեսիվ հարձակումների է ենթարկվել Սոթք գյուղը: Ըստ բնակիչների` այսօր պարբերական դադարներով առավելագույնը դադարել է մինչև 2-3 ժամով:
Այս փաստերը մեզ հաստատել են գյուղի բնակիչները»:
Արման Թաթոյանը կից լուսանկարներ է հրապարակել Սոթքից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: