«Երևի հիշում եք, որ կառավարության նիստում հանձնարարական էի տվել վերականգնել Հայաստանի մայրուղիներին հարակից մի շարք քանդակագործական ստեղծագործություններ»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ դրանցից երկուսի՝ Սևան-Երևան մայրուղու վրա գտնվող «Ճանապարհաշինարարների» և «Արձագանքի» վերականգնման և հարակից տարածքների բարեկարգման համար կառավարությունը դեռ գարնանը հատկացրել է համապատասխանաբար 176 միլիոն և 76 միլիոն դրամ:
«Հունիս և հուլիս ամիսներին ԿԳՄՍ նախարարությունը հրապարակային մրցույթ է հայտարարել՝ վերականգնման աշխատանքներն իրականացնող ընկերություն ընտրելու համար: Երկու մրցույթներն էլ չեն կայացել՝ մասնակից չլինելու պատճառով: Երեկ նախարարությունը երրորդ մրցույթն է հայտարարել: Հույս ունենք՝ այս անգամ մասնակիցներ և հաղթողներ կլինեն ու ոչ միայն մշակութային հարց կլուծվի, այլև տնտեսական, որովհետև կապիտալ այս ներդրումը ենթադրում է նաև նոր աշխատատեղեր»,- գրել է կառավարության ղեկավարը: