«Գրքային արսենալ» փառատոնի շրջանակում, որն անցկացվել է Կիևում, կայացել է «Ուկրաինայի պատմության 100 լավագույն ֆիլմերի վարկանիշ» նախագծի շնորհանդեսը:
AnalitikaUA.net-ը գրում է, որ Ուկրաինայի կինոյի պատմության լավագույն ֆիլմ է համարվել հանրահայտ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ժապավենը: Լավագույն տասնյակում է նաև Ռոման Բալայանի «Թռիչքներ երազում և արթմնի» կինոնկարը: Այն զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:
Նշենք, որ ֆիլմերի ընտրության վերաբերյալ հարցումն անցկացվել է 2020 թվականի հունիսից մինչև հոկտեմբեր: Մասնակցել է 97 անձ: Նրանք լավագույններին ընտրել են առանց ժանրային, տևողության, նկարահանման թվականի և այլ սահմանափակումների: Ստացված ցուցակներում ընդհանուր առմամբ հիշատակվել է 186 ֆիլմ:
Այդ ցուցակի հիման վրա ընտրվել է 100 լավագույնը: Լավագույնների ցանկում ընդգրկվել է 68 խաղարկային, 26 վավերագրական և 6 անիմացիոն կինոնկար: Ուկրաինայի հայերի միությունն ակտիվ աշխատում է ազգային, պատմական արժեքները հանրահռչակելու ուղղությամբ:
Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը մի առիթով նշել է, որ գիտությունն ու մշակույթը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են։