Իշխանությունները փոխել են Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի մանկապատանեկան «Տա լույս» երգչախմբի՝ հունիսի 1-ին Գյումրիում նախատեսված համերգի ժամը, ինչի հետևանքով երգչախմբի համերգը չի կայացել, հայտնել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Համերգը կազմակերպվել է Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ և նախատեսված է եղել 14:00-ին: Շարժման ներկայացուցիչները արքեպիսկոպոսի գլխավորությամբ նախատեսել էին ներկա գտնվել համերգին։
«Որոշել են ժամը փոխել ու 12։00-ին անցկացնել, որ համերգին ներկա չլինենք։ Դանիել Դանիելյանը (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ-խմբ.) ասել է՝ քաղաքական միջոցառում չպետք է լինի: Իրականում՝ իրենք են ամեն ինչին քաղաքական երանգ տալիս։ Ո՞վ ես դու, որ ժամ փոխես, Դանիելյա՛ն»,- ասել է արքեպիսկոպոսը։
Թեմի ներկայացուցիչ, համույթի պրոդյուսեր Թովմաս Առաքելյանը հայտնել է, որ ժամը 12:30-ին իրեն զանգահարել է Դանիելյանը և հայտնել, որ երեխաները պետք է ելույթ ունենան կես ժամից: Թեմի ներկայացուցիչը նշել է, որ նշված ժամին համույթի ելույթը չի կարող սկսվել, քանի որ այդ ժամանակ երեխաները արևի տակ փորձից հետո հանգստանում էին, և ելույթը ֆիզիկապես չէր կարող կազմակերպվել:
«Նա ասաց՝ համերգի գումարը պետբյուջեից եք վերցնում և, ըստ այդմ, ինքն էլ պետք է ասի, թե երբ սկսենք։ Բայց ես կոռեկտ ձևով ասացի՝ դուք այլևս իշխանություն չունեք, որ ժամ որոշեք։ Այնուհետ, արդեն համերգի վայրում, ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի իմ զգեստը «դերյա» անվանեց։ Ասաց՝ եկել, որպես պրոդյուսեր ես ներկայանում, դե «դերյադ» հանի, նոր պրոդյուսեր ներկայացի»,- պատմել է Առաքելյանը։
Առաքելյանը հավելել է, որ համերգը պետք է կայանար բացառապես «Ազնավուր հիմնադրամի» հետ կնքած պայմանագրի շրջանակում և պետբյուջեից գումար չէր հատկացվել։ Բագրատ Սրբազանը հայտնել է, որ Դանիելյանը պետք է ներողություն խնդրի «իր արածի և Առաքելյանին հայհոյելու համար»։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հունիսի 1-ին հանրահավաք է անցկացնելու Գյումրիում։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ են Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր իրականացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ վարչապետի իրենց թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով մայիսի 27-ից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։