Շատ կարճ ժամանակահատվածում տնտեսությունը վերականգնվելու է: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա վստահեցրել է, որ անգամ նման վատ իրավիճակում հնարավոր է վերականգնել տնտեսական աճը:
«Անգլերեն շատ լավ արտահայտություն կա՝ աղետը չպետք է նետվի աղբանոց: Այն էներգիան, որն առաջացել է այս աղետի ժամանակ պետք է վերածենք աճի: Իհարկե, դա չի նշանակում, որ պետք է մոռանանք մեր կորուստները: Մեր կորուստների հիշատակը պետք է մեզ ստիպի շատ լավ աշխատել և օր առաջ վերականգնել մեր տնտեսական ակտիվության աճը: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես գնում են այնտեղ, որտեղ պետք է տնտեսությունը վերականգնել և այն տանել աճի ուղղությամբ: Ես վստահ եմ՝ դա հնարավոր է: Շատ կարճ ժամանակահատվածում տնտեսության մեջ բեկում կտեսնեք»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ մեզ համար հասանելի կլինեն թուրքական նավահանգիստները, որտեղով կարելի է ապրանք արտահանել Ռուսաստան: Ըստ նորանշանակ նախարարի՝ հասանելի կլինի նաև ադրբեջանական շուկան, իսկ Ադրբեջանի համար՝ մեր շուկան:
Վահան Քերոբյանը նշել է, որ եկել է ժողովրդին ծառայելու 5 տարի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ է Վահան Քերոբյանը նշանակվել Էկոնոմիկայի նախարար: Նա գործարար է, Menu.am-ի հիմնադիրը։