Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսին կարող է մեկնել Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որը նվիրված է ԵԱՏՄ 10-ամյակին, հայտնում է «Հրապարակը»՝ հղում անելով իշխանությանը մոտ կանգնած աղբյուրներին:
Թերթը հիշեցրել է, որ Հայաստանը հունվարի 1-ից ստանձնել է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը, ինչպես նաև նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։
«Չնայած, ավանդույթի համաձայն, նախագահող երկրում իր նախագահության մեկ տարվա ընթացքում նիստ է հրավիրվում, սակայն Հայաստանում, կարծես, այդ մասին առայժմ չեն էլ մտածում»,- հավելել է թերթը։
Մարտի 11-ին ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն ԵԱՏՄ նախագահության շրջանակներում կատարելու է իր բոլոր պարտավորությունները՝ հստակ չպատասխանելով հարցին, թե Երևանում ԵԱՏՄ նիստ անցկացվելո՞ւ է, թե՞ ոչ։