Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը ոչ միայն տարածաշրջանային և հանրապետական անվտանգության համակարգի անբաժանելի բաղադրիչն է, այլև նրա հասարակական կյանքի կարևոր տարրը:
Այս մասին ասված է ՌԴ դեսպանատան մամուլի ծառայության կողմից Armenia Today-ի հարցմանն ի պատասխան, թե ինչպես են Հայաստանում իշխանափոխությունից հետո ձևավորվում ռազմաբազայի շփումները հայկական կողմի հետ և արդյոք կարելի է խոսել զորամիավորման նկատմամբ որևէ փոփոխության մասին։
«Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը, հարգելով հայ ժողովրդի ցանկացած որոշում, ուղղված է կառուցողական երկխոսության և պատրաստ է արդյունավետ համագործակցության՝ ինչպես երկկողմ հիմքի վրա, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ հատկապես անվտանգության ապահովման ոլորտում։ Ցանկացած պետության համար իր քաղաքացիների անվտանգությունը բարձրագույն առաջնահերթություն է։ Իսկ այս խնդիրը կարելի է լուծել միայն տարածաշրջանում կայունության և անվտանգության առկայության դեպքում։ Դրա համար էլ գոյություն ունի Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) զինված ուժերի (զորքերի) միացյալ խմբավորում, այդ թվում՝ 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանում։ ՀՀ կառավարության վերաբերմունքը տվյալ միավորման նկատմամբ 2018 թվականից առաջ, ընթացքում և հետո միշտ դրական է եղել, ինչը նպաստում է բազայի առջև դրված խնդիրների կատարման համակողմանի ապահովմանը», – ասված է մեկնաբանության մեջ:
Դեսպանատունը նաև հիշեցրել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը 2020 թվականի հուլիսի 3-ին, մեկնաբանելով Հայաստանի տարածքից 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու մասին լուրերը, հաղորդել է, որ ռուսական զորամիավորման գործունեության դադարեցման թեմայով հրապարակումները «բարոյականության և ռազմաքաղաքական անհասության դեֆիցիտի հետևանք են»:
Դեսպանատան մամուլի ծառայության պատասխանում նաև նշվում է, որ իր անմիջական խնդիրների կատարման հետ մեկտեղ 102-րդ ռուսական ռազմաբազան ակտիվորեն մասնակցում է Երևանի և Գյումրիի հասարակական և մշակութային կյանքին: Այսպես, օրինակ՝ 2011 թվականից Հայաստանի բնակիչներին բարեգործական օգնություն ցուցաբերելու համար ռուսական զորամիավորման կողմից անցկացվում են բարի ավանդույթ դարձած «Դոնորի օրերը»։ Ընդհանուր առմամբ, 9 տարվա ընթացքում դրանց մասնակցել է ավելի քան 5 հազար մարդ՝ ռուս զինծառայողներից և նրանց ընտանիքների անդամներից: Բացի այդ, բազայի բժշկական անձնակազմն արտակարգ օգնություն է ցուցաբերում ռազմակայանի տեղակայման վայրերում բնակվող հայ քաղաքացիներին։
Տեղական իշխանությունների խնդրանքով՝ նաև ինժեներական ստորաբաժանումները բազմիցս անհատույց կերպով մասնակցել են մի շարք բնակավայրերի քաղաքացիական և կոմունալ ենթակառուցվածքների կատարելագործմանը: Օրինակ՝ Արագածոտնի մարզի Սադունց գյուղում կառուցվել և շահագործման է հանձնվել ավելի քան 5 կմ երկարությամբ ջրագիծ։
«Ամեն տարի ռուս զինծառայողները անցկացնում և մասնակցում են հանդիսավոր միջոցառումների, որոնք նվիրված են Ռուսաստանում նշվող Հայրենիքի պաշտպանի օրվան, ինչպես նաև մեր երկրների համար ընդհանուր տոնին՝ Հաղթանակի օրվան: 102-րդ ռուսական ռազմակայանի սպաները շնորհավորում են Հայրենական մեծ պատերազմի հայ վետերաններին: Ռուսական զորամիավորման զինծառայողները, նրանց ընտանիքների անդամներն ու «Յունարմիա» համառուսաստանյան ռազմահայրենասիրական շարժման սաները Հայաստանի Հանրապետությունում անուշադրության չեն մատնում վետերաններին, պարբերաբար օգնություն և աջակցություն են ցուցաբերում նրանց:
Չնայած կորոնավիրուսային համաճարակի առկայությանը՝ 2020-ը բացառություն չէր։ Զորամիավորման անձնակազմը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Հիշատակի ճանապարհ» հատուկ նախագծին», – ասված է մեկնաբանության մեջ:
Ընդգծվում է, որ կանոնավոր բնույթ են կրում բաց դռների օրերը, որպեսզի հայ քաղաքացիները կարողանան իմանալ, թե ինչպինսի՞ն է կյանքը ռուսական ռազմակայանում: Այս տարի նման միջոցառում անցկացվել է «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ժամանակ։ Կազմակերպվել է ռազմական տեխնիկայի ցուցահանդես, տոնական համերգ, ցուցադրական ելույթներ, այդ թվում՝ «Էրեբունի» օդանավակայանում։ Նշված համաժողովի օրերին ծավալվել է նաև դաշտային խոհանոց։
Հաղորդվում է նաև, որ այս տարվա մարտին դաշտային խոհանոց է տեղակայվել նաև Բագրատաշենի անցակետում, որի միջոցով տաք սնունդ է տրվել համաճարակային իրավիճակով պայմանավորված ծանր պայմաններում գտնվող քաղաքացիներին։
«Վերոնշյալ թույլ է տալիս մեզ խոսել այն մասին, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը ոչ միայն տարածաշրջանային և հանրապետական անվտանգության համակարգի անբաժանելի բաղադրիչն է, այլև նրա հասարակական կյանքի կարևոր տարրը»,- ասվում է մեկնաբանության մեջ: