Կորոնավիրուսային իրավիճակի փոփոխություն ունենք՝ լարվածության թուլացման առումով։ Այս մասին կառավարության դեկտեմբերի 2-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա չպետք է զգոնության թուլացման պատճառ դառնա, քանի որ դա դեռևս ոչինչ չի նշանակում։
Փաշինյանը նշեց, որ նոր շտամի՝ օմիկրոնի հայտնաբերման պատճառով անհրաժեշտ է շարունակել սահմանափակումների կիրառումը։
«Մենք որոշակի շոշափելի արդյունքներ ունենք պատվաստման հետ կապված։ Ես հենվում եմ երկրորդ պատվաստման թվերի վրա, որտեղ էական ավելացում ունենք։ Արդեն մոտենում ենք 500 000-ի, հատել ենք 480 000-ի շեմը»,- ասաց Փաշինյանը։ Նա նաև նշեց, որ բացի շաբաթ-կիրակի օրերից, հաջողվում է 20 000-ից ավելի պատվաստում իրականացնել։ Հիվանդանոցային կարողությունների լարվածությունը նույնպես նվազել է։
Իր հերթին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ նոր շտամի հետ կապված որոշակի մութ հարցեր կան, քանի որ ոչ ոք չգիտի առկա պատվաստումների ազդեցությունն օմիկրոնի վրա։ Այնուհանդերձ, նրա խոսքով, պատվաստումները մնում են հիվանդության կանխարգելման լավագույն միջոցը։ Նույն մտահոգությունները առկա էին նաև դելտա շտամի ի հայտ գալու ժամանակ։
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ անգամ արդյունավետության որոշակի նվազման դեպքում՝ դրանք փրկում են մարդկանց կյանքը, ինչը մեր գլխավոր նպատակն է»,- ընդգծեց նախարարն ու հայտնեց, որ ՀՀ չափահաս քաղաքացիների 40 տոկոսը պատվաստված է առաջին դեղաչափով, իսկ ամբողջական պատվաստված է 23,9 տոկոսը։
Ինչպես հավելեց Ավանեսյանը՝ կորոնավիրուսային հիվանդության լարվածության նվազման արդյունքում որոշ ծավալված բժշկական կենտրոններ վերադարձել են իրենց նախնական պրոֆիլային նպատակին։ Հետ ծավալման գործընթացը սկսվել է դեռևս անցած շաբաթ։ Համավարակային բուժօգնության համար շուտով ծառայություններ կնախատեսեն միայն ի սկզբանե նախատեսված ԲԿ-ները։
Նշենք, որ գրանցվել է 558 նոր դրական դեպք, իսկ 21 մարդ մահացել է, իրականացվել է 9013 թեստավորում։ Կորոնավիրուսային ակտիվ դեպքերի միայն 8,6 տոկոսն է կազմում պատվաստված քաղաքացիները։