Այսօր՝ նոյեմբերի 1-ին, հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ ԶԼՄ-ի՝ ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 41-ամյա Խաչատուր Սահակյանն էր։
Մասնավորապես պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01։30-ի սահմաններում, Կարմիր բլուր 43 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել Խ. Սահակյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս հրազենային վնասվածքներով հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
«Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, վիճաբանությանը մասնակցած անձանց ինքնությունը ճշտելու և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ»,- հայտնում է լրատվամիջոցը։