Շուռնուխ գյուղի բնակիչ Ստյոպա Մովսիսյանի տան ուղիղ հարևանությամբ գտնվող նրան պատկանող անասնաշենքը GPS [գլոբալ տեղորոշման] համակարգի կամ Գուգլ քարտեզի (Google Map) կիրառության արդյունքում բաժանվել է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Ընդ որում, ըստ Թաթոյանի, ինչպես տան, այնպես էլ անասնաշենքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատված է ՀՀ կադաստրի կոմիտեի վկայականներով:
«Հենց այդ տան տարածքում մենք փորձեցինք Գուգլ (google) քարտեզների մի քանի տարբերակներ, որոնցից ամեն մեկը ցույց տվեց տարբեր արդյունք, այդ թվում՝ Ստյոպա Մովսիսյանի տունը ու Շուռնուխ գյուղն ամբողջությամբ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքի մաս:
Ցավոք, այսօր նման պատմությունները բազմաթիվ են. նման կոնկրետ օրինակներն են հենց ապացուցում, որ սահմանների որոշման մինչ այս պահը կիրառվող մոտեցումների, GPS կամ Գուգլ քարտեզի (Google Map) մեխանիկական կիրառության պատճառով վտանգվել, իսկ հատկապես սեփականության ու մի շարք այլ իրավունքների դեպքում կոպտորեն խախտվել են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները:
Մարդիկ սեփականության վկայականներով անգամ չեն կարողանում օգտվել իրենց գույքից»,-նշել է ՄԻՊ-ը:
Ըստ Թաթոյանի՝ Հանրապետության պետական սահմանների որոշման հարցում նման մեխանիկական մոտեցումները, նման արագությամբ գործընթացները պետք է ուղղակի բացառվեն:
«Անհրաժեշտ են մասնագիտական մոտեցումներ, գիտական հետազոտությունների արդյունքներ, տեղում հանձնաժողովային մանրամասն աշխատանքներ, պատշաճ իրավական հիմքեր և այլն»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ:
ՊՆ-ից էլ հայտնել են, որ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։
Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ. երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։
Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից: