Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել հատուկ կարծիք՝ Վարչական դատարանի դիմումով վարույթ ընդունված գործով։ Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ-ը։
«Մասնավորապես, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ընտանիքի մեկ անդամը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, և առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի կյանքի և առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում:
Վարչական դատարանը դիմումով բարձրացրել է վերոհիշյալ դրույթի սահմանադրականության հարց՝ նշելով, որ առանց բացառության անհապաղության պահանջը հանգեցնում է Սահմանադրությամբ երաշխավորված անձի պատշաճ վարչարարության իրավունքի սահմանափակման։
Մարդու իրավունքների պաշտպանը հարցը դիտարկել է անձի կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության իրավունքի, ընտանիքում բռնության երևույթի առանձնահատկությունների կոնտեքստում՝ նշելով, որ առաջնահերթություն տալով պատշաճ վարչարարության իրավունքի ապահովմանը չպետք է խախտվեն վերոնշյալ իրավունքները։
2021 թվականին ապրիլի 6-ին ՀՀ սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում է կայացրել գործի վարույթը կարճելու մասին։
Դատարանը հայտնել է, որ վիճարկվող դրույթների սահմանադրականության մասին դիմողի հիմնավորումներն ուղղակիորեն կապված չեն վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի հնարավոր որևէ իրավական դիրքորոշման հետ:
Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ օրենքի, վերջինիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին, և դիմողի կողմից բարձրացված հարցերը լուծելի են օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձևավորման շրջանակներում:
Կարևոր է, որ Սահմանադրական դատարանը որոշմամբ վերահաստատել է Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը, որ վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ իրավական դիրքորոշման անհրաժեշտություն չկա և Վարչական դատարանի բարձրացրած հարցերը լուծելի են օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձևավորման շրջանակներում: