Փաստաբան Գևորգ Գյոզալյանն իր թեկնածությունն է ներկայացնելու Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում։ Այս մասին նա գրել է Facebook-ի էջում։
«Սեպտեմբերի 12-ին տեղի են ունենալու ՓՊ նախագահի ընտրությունները, ինչպես և ենթադրվում էր, հիմնական թեկնածուն ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն, ՓՊ խորհրդի անդամ Սիմոն Բաբայանն է, ով նաև վայելում է ներկայիս ՓՊ նախագահի բացահայտ աջակցությունը: Այս օրվան այս մարդիկ պատրաստվել են ութ տարի՝ փակելով փաստաբանական դպրոցը մի շարք հեղինակություն ունեցող փաստաբանների առջև, որպեսզի այնպես չստացվի, որ այդ փաստաբանների ռեյտինգը ունկնդիրների մոտ աճի:
Եվ ահա, ես կանգնած եմ շեքսպիրյան հայտնի դիլեմայի առջև՝ թողնել, որ հաջորդ ութ տարին ևս ՓՊ-ում տիրեն այն բարքերը, որոնք այժմ կան, թե այս համայնքի համար տալ վերջին, վճռական պայքարը՝ թիրախավորելով անձս, և փորձելով շտկել այն թերությունները, որոնք քննադատում եմ արդեն ութ տարի:
Ինձ համար անտանելին ոչ թե այն է, որ մի բան արեցի և չստացվեց, այլ այն, որ ես կարող էի ինչ-որ ճիշտ բան անել, բայց չարեցի:
Այս գրառմամբ հրապարակային հայտարարում եմ, որ վաղը ես առաջադրվելու եմ ՓՊ նախագահի թեկնածու և փորձելու եմ իմ կոլեգաների հետ կատարյալ սիրո մթնոլորտում խոսել, որ տղե՛րք և աղջիկներ, եկեք զարգացնենք ՓՊ-ն, եկեք չթողնենք, որ այն դառնա նախարարություն, եկեք առաջ գնանք, եկեք չլճանանք: Հուսով եմ, որ իմ ձայնը լսելի կլինի՝ հանուն ՓՊ-ի զարգացման»,- գրել է նա։
Տեղեկացնենք, որ մի շարք քաղաքացիական գործերով նա ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի շահերը։