«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 22-ը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Հարկ եմ համարում տեղեկացնել հասարակությանը, որ դատարանի կողմից դատաբժշկական փորձաքննություն նշանակելուց հետո արդեն ուղիղ մեկ ամիս է անցել, սակայն մինչ օրս ոչ միայն եզրակացություն առկա չէ, այլև նույնիսկ համապատասխան հանձնաժողով ստեղծված չէ, որը պետք է կատարի փորձաքննությունը։ Այսինքն՝ փաստացի մեկ ամիս իրավասու մարմինն անգործություն է ցուցաբերում, իսկ ՀՀ առողջապահության նախարարությունն էլ իր հերթին ոչ մի կերպ դրան չի արձագանքում»,- գրել է պաշտպանը։
Ըստ Ալեքսանյանի՝ ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀ իշխանություններն ունեն նպատակ՝ ամեն գնով պրոֆեսորին երկար պահել բանտում, «ինչը պարզապես իրավական նիհիլիզմի տարր է իր մեջ պարունակում»:
«Հորդորում եմ ՀՀ առողջապահության նախարարին հրատապ ձևով պատասխանել Դատարանի գրությանը և կազմակերպել բժշկական հանձնաժողովի ստեղծումը: Հակառակ պարագայում պ-ն Չարչյանի համար անդառնալի հետևանքների առաջացման համար ողջ պատասխանատվությունը Դուք եք կրելու, տիկի՛ն»,- նշել է Ալեքսանյանը։