Կառավարությունն ընդունեց նախագիծ, որը, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խոսքով, կխնայի 2022 թվականի բյուջեում 1 միլիարդ 200 միլիոն դրամ։ Ըստ նրա՝ այն կարևոր սկիզբ է քրեակատարողական հիմնարկների բարեփոխման համար։
Ներկայացնելով նախագիծը՝ Անդրեասյանն ասաց, որ Հայաստանում կա 12 քրեակատարողական հիմնարկ, ու եթե Կոշ և Հրազդան ՔԿՀ-ների գործունեությունը դադարեցվի, ապա հնարավոր կլինի համակարգում աշխատողների մի շարք կարևոր հարցերի լուծում տալ։ Նրա խոսքով՝ ՔԿՀ-ներում 5000-անոց լրակազմից 2000-ն է զբաղված, ասել է թե կիսով չափ դատարկ են բոլոր հիմնարկները։
«Մենք ունենալու ենք 250 հաստիքի կրճատում, սա, իհարկե, կարող է խնդիր առաջացնել, բայց մենք կարիք ունենք վեթթինգ իրականացնել նաև ՔԿՀ-ում»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ 2019-2023 թվականների գործունեության ծրագիրը արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց անցած տարվա մայիսի 20-ի կառավարության նիստում, որտեղ հիմնական կետերից մեկը 2019-2023 թվականների քրեական և պրոբացիոն բարեփոխումների ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրն էր։