Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ ադրբեջանական կողմի բոլոր գերեվարված զինծառայողները վերադարձվել են ռուս խաղաղապահների աջակցությամբ, հայ գերիներին վերադարձնելու աշխատանքներն այս պահին շարունակվում են: Այս մասին TACC-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը:
«Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են: Հայ ռազմագերիներին վերադարձնելու աշխատանքը շարունակվում է, կա դրական ըմբռնում: Մենք պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը։ Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ամբողջությամբ փակվի, ռուս խաղաղապահներն այդ գործը ավարտին կհասցնեն»,- ասել է Մուրադովը։
Նա նշել է, որ գերիներին վերադարձնելու աշխատանքը որպես խաղաղարարի քաղաքացիական պարտք է գնահատում։
«Որպես ռազմական մարդ՝ ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացողություններ են ունեցել գերության մեջ գտնվելիս։ Ես հիշում եմ առաջին չվերթը, երբ մենք մեկնեցինք Բաքու։ Վերադառնալուց հետո ես տեսա այն զինծառայողների դեմքերը, երբ նրանք արդեն Երևան էին թռչում։ Նրանք չէին հավատում, որ տուն են վերադարձել»,- պատմել է նա։
Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է ՌԴ խաղաղապահ զորախումբը: