ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«Շարունակում ենք պնդել, որ Դավիթ Տոնոյանը խտրական կերպով պահվում է կալանքի տակ: Դատական նիստերի դռնփակ լինելուն ավելացել է նաև տարբեր տեխնիկական պատճառներով այդ նիստերի անցկացումը 2 ամիսը մեկ անգամ:
Ավելին, հաջորդ դատական նիստը նշանակվել է 2022 թվականի մայիսի 2-ին: Փաստացի 3 ամիս է՝ դատարանը անգործության է մատնված: Սա գնահատում ենք որպես հոգեբանական խոշտանգում և պատժի գործադրում կալանավորված անձանց նկատմամբ, որի վերաբերյալ Դ.Տոնոյանը հայտարարել է նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ միաժամանակ պահանջելով հրապարակային քննություն:
Նիստը նախագահող դատավոր Մնացական Հարությունյանի այն հարցին, թե որն է, ըստ նրա, դատական նիստերը դռնփակ անցկացնելու նպատակը, Դավիթ Տոնոյանը պատասխանել է՝ որպեսզի հանրությունը չտեսնի առաջադրված մեղադրանքների սին լինելը:
Դ.Տոնոյանը վերաքննիչ դատարանում հայտարարել է նաև, որ հրթիռների ձեռքբերման վերաբերյալ ճիշտ որոշում է կայացրել, որն այդ փուլում նպաստել է ՀՀ զինված ուժերի կարողությունների բարձրացմանը, որի վառ ապացույցն է այն, որ ի հեճուկս այն հայտարարություններին, թե իբր ձեռք բերված հրթիռները չեն կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ և ուսումնավարժական պատրաստման ընթացքում, քրեական գործով ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է հակառակը:
Մեկ այլ կարևոր հանգամանք, որն իրական սպառնալիք է ՀՀ զինված ուժերի համալրման և մարտունակության բարձրացման համար. համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում խնդրո առարկա զինամթերքի հետագա շահագործումը ապահովելու, դրա պահպանման միջոցառումներն ապահովելու նպատակով, քանի որ զինամթերքի շահագործման վրա արգելք է դրված»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է «անորակ զինամթերքի» գործով: Այս գործով անցնում են նաև գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ինչպես նաև զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը, վերջինս, սակայն, գրավի դիմաց ազատ է արձակվել։