ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան, լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Նրա խոսքով՝ ձերբակալման հիմքն այն է, որ նա խախտել է բացակայելու արգելք խափանման միջոցի պայմանները, սակայն նշված չէ, թե ինչով է խախտել: «Քննիչին այդ հարցն ուղղեցի, պարզաբանում չեմ ստացել»,- ասաց Աթանեսյանը:
Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքին է ավելացել է վատնման կազմակերպումը: «Վատնման և փողերի լվացման համար ինչ-որ գումար պետք է կորի, սակայն գումար չի կորել, այլ դարձել է անշարժ գույք, որն այժմ պատկանում է Բժշկական համալսարանին և աժե 2 անգամ ավելի թանկ, քան երբ ձեռք է բերվել»,- նշեց նա:
Փաստաբանն ասաց, որ Աշոտյանն այս գործընթացը որակում է որպես քաղաքական հետապնդում իր քաղաքական հայտարարությունների համար:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բերման է ենթարկվել հունիսի 15-ին, Armenia Today-ին ասել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Ավելի վաղ՝ 2022 թվականի նոյեմբերին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածով։ «Բավականին անսպասելի հոդվածներով է մեղադրանք առաջադրվել՝ պաշտոնական դիրքի չարաշահում և փողերի լվացում»,- լրագրողների հետ զրույցում հայտնել էր նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք՝ նրան արգելել էին Արմեն Աշոտյանին երկրից դուրս գալ և մեկնել Լիսաբոն՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու՝ քաղաքական դրդապատճառներով։