ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պնդում է հրապարակային նիստի անցկացման իր պահանջը: Իր հրապարակային հայտարարության մեջ նա գրել է, որ ԱԺ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու իր պայմանը եղել է բաց և հրապարակային եղանակով բացատրություններ տալու հնարավորություն ունենալը:
«Քննիչ հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը «Ազատության» հետ հարցազրույցում ասել էր, որ նիստը փակ է լինելու, ինչին իբրև Դավիթ Տոնոյանը տվել է իր համաձայնությունը: Այս կապակցությամբ հստակ հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանը նման համաձայնություն չի տվել, ուստի պատգամավորի կողմից ներկայացված տեղեկությունը ակնհայտ կեղծիք է»,- ասված է հայտարարության մեջ։
Դավիթ Տոնոյանը պնդել է հրապարակային նիստի անցկացման իր պահանջը, կարևորել է դրան ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը և չի բացառել բացի հրապարակային և լուսաբավող ձևաչափից նաև փակ քննարկման հնարավորությունը և անհրաժեշտությունը։
Նա առաջարկել է ԶԼՄ-ներին օգտվել ընձեռված հնարավորությունից և քննիչ հանձնաժողովի անդամների միջոցով իրեն ուղղել հետաքրքրող հարցերը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տոնոյանը որոշել է ներկայանալ 44-օրյա պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով բացատրություններ տալու և հարցերին պատասխանելու նպատակով: Հայտարարության մեջ ասվում էր, որ 2022 թվականի հունիսի 15-ին հայտարարության մեջ ներկայացրել է կասկածները ԱԺ «Քննիչ հանձնաժողովի» իրական նպատակների մասին: Դրանք հաստատվել են վերջին շրջանում, երբ հանձնաժողովի նախագահը փաստացի մերժել է հրապարակային առաջարկը՝ բաց նիստ անցկացնել Նիկոլ Փաշինյանի և իր մասնակցությամբ:
Հուլիսի 5-ին մեկուկես տարուց ավելի բանտում գտնվող Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ հուլիսի 4-ին միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով թույլատրել, որ ներկայանա ԱԺ հանձնաժողովի նիստին: Նա ընդգծել էր, որ որոշել է բացատրություններ տալ՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին: Հունիսի 20-ին և 27-ին 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով էր ներկայացել Նիկոլ Փաշինյանը։
Տոնոյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնբ զբաղեցրել է 2018 թվականի մայիսից մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը: Պաշտպանության նախկին նախարարին ձերբակալել են 2021 թվականի սեպտեմբերին: ԱԱԾ-ում քննվող քրեական գործ էր հարուցվել ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում, ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 7 անձի։