ԱԱԾ-ն ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է «Հրապարակ»-ի տեղեկությունը, ըստ որի հարցաքննության է հրավիրել Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին։ «Խնդրում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,- Armenia Today-ին հայտնեցին գերատեսչության մամուլի ծառայությունից։
Armenia Today-ը նաև խնդրել է Քննչական կոմիտեին հաստատել «Հրապարակ» թերթի հրապարակումը, որ Քերոբյանի աշխատասենյակում այս պահին խուզարկություններ են կատարվում։ Գերատեսչությունը ևս ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տեղեկությունը։ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Armenia Today-ին ասաց, որ այս փուլում խուզարկման մասին կամ այլ տեղեկություն Քննչականը չի կարող հայտնել։
Քերոբյանը րոպեներ առաջ ժամանել է Քննչական կոմիտե և ասել է, որ տեղյակ չէ՝ իրեն մեղադրանք առաջադրե՞լ են, թե՞ ոչ և դեռևս չի հարցաքննվել, հայտնել է «Ազատության»-ը։
ՀՀ նախագահը փետրվարի 14-ին Քերոբյանին ազատել էր Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։
ՔԿ-ն փետրվարի 2-ին նախարարությունում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթներից մեկով քրեական հետապնդում էր հարուցել 7 անձի նկատմամբ, երկրորդով՝ 1 անձի նկատմամբ։ Նրանցից 4-ը կալանավորված են։ Գործով անցնող Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ դատարանը տնային կալանք էր կիրառել։
ՔԿ-ում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթների շրջանակում կալանավորված անձանց թվում էր ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Հայտնի է, որ կալանավորվածների թվում էր ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը։ Վերջիներս ազատվել էին կալանքից։ Կալանավորվածների թվում է նաև «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։