Փետրվարի 12-ին Ներքին Հանդում Երկրապահ կամավորական միության անդամ, կամավորական Գոռ Ասատրյանին սպանել են, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ հղում անելով դատաբժշկական փորձաքննության արդյունքերին:
Նա տեղեկացրել է, որ դեպքի առթիվ կալանավորված անձ կա՝ Տ․Կ-ն, որին ՔԿ-ն մեղադրանք է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում-խմբ․): ԵԿՄ-ն փետրվարի 13-ի հաղորդագրության մեջ նշել էր, որ Ասատրյանը հանկարծամահ է եղել:
Նա հավելել է, որ նախաքննության ընթացքում պարզել են Ասատրյանի մահվան նախնական հանգամանքները։
«Նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ կատարված դիահերձման, ինչպես նաև այլ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տ․Կ․-ի և Գ․ Ասատրյանի միջև ծագած վիճաբանությունից հետո, փետրվարի 12-ի գիշերը՝ 00․05-ի սահմաններում, Տ․Կ․-ն ձեռքով ուժգին հարված է հասցրել մահճակալին պառկած Գ․ Ասատրյանի պարանոցի շրջանին, ինչի հետևանքով վերջինս ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և մահացել է»,- հայտնել է Աբրահամյանը։
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել էր փետրվարի 12-ին, երբ Ադրբեջանը հայտնել էր, թե, իբր, հայկական կողմի կրակի հետևանքով վիրավորվել է իր սահմանապահը, ինչն ավելի ուշ հերքել էր ՀՀ ՊՆ-ն: Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը փետրվարի 13-ին հայտարարել է Ադրբեջանի զինվորականների կողմից արձակած կրակի հետևանքով 4 մարդու մահվան և մեկ զինծառայողի վիրավորվելու մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 22-ին France 24-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում։