Հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Երկրում վարակակիրների թիվն անցել է 13 հազարը, թեթև և ասիմպտոմ դեպքերն արդեն բուժում են ստանում տանը, հոսպիտալացվում են ծանր և առավել ծանր դեպքերը։
Գործող իշխանությունների վարած հակահամաճարակային քաղաքականությունը վերջին շրջանում մեծ քննադատության է արժանանում և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի կողմից։ Նշվում է, որ իշխանությունները ձախողել են հակահամաճարակային քաղաքականությունը, բազմաթիվ երկրներ սկսում են հաղթահարել համաճարակը, իսկ Հայաստանը դեռ նոր է մտնում համաճարակի ակտիվ փուլ և այլն։
Կառավարության վարած հակահամաճարակային քաղաքականության, համավարակով պայմանավորված իրավիճակի հաղթահարման ուղիների և այլ հարցերի մասին Armenia Today-ը զրուցել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ։
-Հանրապետությունում համաճարակային իրավիճակը բավականին սրված է, վարչապետի բնորոշմամբ՝ «մենք քայլում ենք դժոխքի միջով»։ Ինչպե՞ս կբնորոշենք իշխանությունների վարած հակահամաճարակային քաղաքականությունը։
-Փաստորեն, վարչապետը խոստովանել է, որ երկիրը ներքաշել է դժոխքի մեջ, իսկ դրա հիմնական ճարտարապետները մեկ քաղաքական ուժի ներկայացուցիչներ են, ովքեր միանձնյա և՛ տնօրինում են կառավարությունում, և՛ բացարձակ մեծամասնություն ունեն Ազգային ժողովում։ Եթե իմի բերենք վարչապետի ասածը, կարող ենք ասել, որ իրենք Հայաստանը տանում են դժոխք, մինչդեռ իրենք Հայաստանը նախորդ իշխանություններից ապահովագրեցին՝ դրախտ դարձնելու խոստումներով։
-Համավարակով պայմանավորված իրավիճակը ՀՀ-ում խիստ վատթարացել է։ Պարոն Պետրոսյան, որո՞նք են իրավիճակի սրման հիմնական պատճառներն ու դրա հաղթահարման ի՞նչ տարբերակներ ունի իշխանությունը։
-Պատճառները բազմաթիվ են, կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ, սակայն հիմնականում մեղքը իշխանությանն է․ սկզբում նրանք ծաղրում էին այս պրոցեսը, սակայն ավելի ուշ հասկացան, որ իսկապես լուրջ խնդրի հետ գործ ունենք, դրա համար էլ կանգնեցինք այս իրավիճակի առջև։
Այդուհանդեձ իրավիճակն այնպես չէ, որ հնարավոր չէ փրկել․ պետք է համախմբել ոլորտի մասնագետներին, կապ չունի նա «քայլել է», թե՝ ոչ, վեր կանգնելով քաղաքական շահերից և օգտագործելով բոլոր կոմպետենտ մարդկանց ներուժը, փրկել իրավիճակը։
-Իշխանության ներկայացուցիչները բավականին կոշտ արձագանքեցին Գագիկ Ծառուկյանի ելույթին։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է նման արձագանքի պատճառը։
-Իշխանության ներկայացուցիչների կողմից կոշտ արձագանքը պայմանավորված է իրենց վախերով և նրանով, որ պարոն Ծառուկյանն ասել է ճշմարտությունը, իսկ ճշմարտությունից շատերը խորշում են։ Ծառուկյանն ասել է, որ իրավիճակը լավ չէ, կառավարությունը կոմպետենտ մոտեցում չի ցուցաբերում, ուստի եկեք համախմբվենք, իրավիճակը բարելավենք։
Ընդ որում, Ծառուկյանը ոչ միայն ասել է, այլև գործով է ապացուցել։ Տասնյակ հազարավոր ընտանիքների Ծառուկյանն աջակցություն է ցուցաբերել, իսկ ի՞նչ է արել կառավարությունը․ ասում են 100 մլրդի հատկացում են արել, բայց ում հարցնում ես, ասում են՝ ոչ մի աջակցությունից չեն օգտվել։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և ԱԺ պատգամավոր, պահանջում եմ՝ կառավարությունը հրապարակի՝ ո՞ր ընտանիքին հասցեական ի՞նչ աջակցություն է ցուցաբերվել։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միշտ էլ ասել է, որ երկրի շահերի համար պատրաստ է համագործակցել իրապես սրտացավ քաղաքական ուժերի ու գործիչների հետ։ Ծառուկյանն ըստ էության նոր բան չի ասել, ասել է այն, ինչը միշտ ասել է․ մենք պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել միայն թե այս իրավիճակից դուրս գանք։ Ամբողջ աշխարհում հայտարարում են կորոնավիրուսի հետևանքների մեղմելու մասին, մենք նոր ենք մտնում այդ գործընթացի մեջ։
Անկախ նրանից, թե ԲՀԿ-ն կառավարությունում կունենար պորտֆելներ, թե՝ ոչ, Ծառուկյանը պատրաստ է եղել միշտ աջակցել, այլ է խնդիրը, որ շատերը քաղաքական շահարկումներով այդ աջակցությանն ուրիշ պիտակներ են կպցրել։
Կրկնում եմ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր էլ պատրաստ է բոլոր ունակ ուժերի հետ իրական մեթոդներով հաղթահարել ստեղծված իրավիճակը։