ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի պաշտպաններն այսօր դատարանին միջնորդեցին փոխարինել Սարգսյանի խափանման միջոց կալանքը գրավով:
Գրավի չափը, սակայն, նրա պաշտպանը չհայտնեց՝ նշելով, որ այն թողնում են դատարանի հայեցողությանը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու․ այն կհրապարակվի վաղը՝ ժամը 10:00-ին:
Լևոն Սարգսյանն առավել հայտնի է «Ալրաղացի Լյովիկ» անունով։ Նա մեղադրվում է 2008 թվականին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակում կազմակերպելու գործով։
Հիշեցնենք, որ Սարգսյանը գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 2018 թվականին։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, 2019-ի նոյեմբերին նա Մոսկվայում ձերբակալվել, ապա տեղափոխվել է Հայաստան։