Հայտնի չէ, թե Կառավարությունն ում հետ և ինչի շուրջ է բանակցում, բայց հնարավոր է, որ Հայաստանի դեմ դարձյալ ինչ-որ գործողություններ են նախատեսվում։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված այն լուրերին, թե նոյեմբերի 9-ին հնարավոր է երկու նոր փաստաթուղթ ստորագրվի, որից մեկով ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչելու են միմյանց տարածքային ամբողջականությունը։
«Երբ խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, միանգամից հարց է առաջանում, թե Արցախի տարածքային ամբողջականության հարցն ինչպե՞ս է կարգավորվելու։ Այդ հարցը մեր իշխանությունները փորձում են շրջանցել։ 2022 թվականի բյուջեով Արցախի վերաբերյալ ընդամենը 69 բառ են գրել, այստեղ առաջնահերթությունը դրել են Արցախի պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը։ Նման պահանջ մենք դնում են Թուրքիայի առաջ, որ Ախթամարի եկեղեցին պահպանեն։ Այս մարդիկ հիմա Արցախից ուզում են ձեռքերը լվանալ և ասել, որ գոնե եկեղեցիները պահպանվեն։ Այն, ինչ ասում են իշխանությունները, խաղաղության օրակարգի հետ կապ չունի, պարտվողական քաղաքականություն են վարում։ Պարտությունների հաղթանակից հետո խաղաղություն չի տիրում»,- նկատեց պատգամավորը։
Խոսելով հնարավոր երկրորդ փաստաթղթի մասին, որն ապաշրջափակման մասին է՝ Արթուր Խաչատրյանը նշեց, որ ժամանակին մենք շրջափակված էինք երկու ուղղություններով․ դեպի արևելք Ադրբեջանի ճանապարհ էր, դեպի արևմուտք Թուրքիան էր ճանապարհները փակել։
«Եթե վերադառնանք տարածքային ամբողջականության խնդրին, մենք չորս կողմից ենք շրջափակվելու, թուրքերը փակելու են դեպի հարավ տանող ճանապարհը, իսկ դեպի Վրաստան տանող ճանապարհն անցնելու է, այսպես ասած, անկլավների միջով։ Եթե անկլավներից են խոսում, Տիգրանաշենի հատվածն էլ է հենց ռիսկի տակ։ Խոսելով ապաշրջափակիման մասին՝ մարդիկ ոչ թե երկու, այլ չորս կողմից են ապաշրջափակման տանում։ Նշվում է ապաշրջափակման մասին, բայց Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի բացման մասին խոսք չկա»,- տեսակետ հայտնեց նա։
Հնարավոր նոր փաստաթղթերի ստորագրումը կանխելու նպատակով «Հայաստան» դաշինքն առաջիկայում փողոցային պայքարի է դուրս գալու։ Ըստ Արթուր Խաչատրյանի՝ այս անգամ հաջողության հասնելու համար փոխելու են փողոցային պայքարի մարտավարությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։