Կառավարության այս կազմով հնարավոր չէր, նախապես ժողովրդին տրված խոստումներն իրականացնել, հիմնական խնդիրն այն է, որ այդ կազմի մեջ կան մարդիկ, ոլորտի ղեկավարներ, որոնք իրական կյանքում քարը քարին չեն դրել և հասկանալի էր, որ այդ փոփոխություններն իրականություն չէին դառնա: Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստին հայտարարել է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Ծառուկյանը հիշեցրել է, որ միշտ է ասել, որ կառավարության այս կազմով անհնար է ժողովրդի սպասելիքներն իրականացնել: «Եթե ցանկանում էին իրականացնել, պետք է կառավարության կազմի 97 տոկոսին փոխեին, բայց այսօր, տեսնելով ձախողումները, պետք է ասեմ՝ ոչ թե 97, այլ հարյուր տոկոսով պետք է փոխվի, որովհետև իրենց աշխատանքով, արդյուքով բոլոր ոլորտները ձախողված են»,- նշել է նա:
Վերջինս հայտարարել է, որ տնտեսության բոլոր ճյուղերը ձախողված են: «Հայտարարել են տնտեսական հեղափոխություն, տնտեսական հեղափոխությունը միայն խոսելով չէ: Ասել եմ՝ կառավարության այս ծրագրով տնտեսական հեղափոխություն չի կարող լինել»,- ասաց նա և ընդգծեց, որ երկրում չի ստեղծվել նաև ներդրումների ներգրավման մեխանիզմներ:
Ծառուկյանը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական հիմնական խնդիրները։ Ըստ Ծառուկյանի՝ ներդրողները չեն գնում այն երկրները, որտեղ ասում են «փռեմ ասֆալտին», «ծեփեմ պատերին» և այլն։