Վարչապետի խոսնակ Մանե Գևրոգյանը ֆեյսբուքում անդրադարձել է փաստաբան Տիգրան Աթանեսյանի այն մեղադրանքներին թե Փաշինյանը ճիշտ չի ասում, որ ծառայությունից ազատվել է երկու եղբայրների ծառայած լինելու հիմքով:
Աթանեսյանը գրել էր, որ օրենսդրական այդ դրույթը ուժը կորցրած է ճանաչվել 1994թ., ինչից հետո բոլոր «երրորդ» եղբայրները զորակոչվել են բանակ:
Մանե Գևորգյանը մասնավորապես պարզաբանել է, որ, իսկապես, ազատման վերոնշյալ հիմքը վերացվել է, ինչը, սակայն, արդեն իսկ ձևակերպված ազատման իրավունքը դադարեցնելու հիմք չէր կարող հանդիսանալ:
Մանե Գևորգյանը գրել է.
«Նիկոլ Փաշինյանի 18 տարին լրացել է 1993 թ-ի հունիսի 1-ին, եւ նա ենթակա է եղել պարտադիր զինվորական ծառայության 1993 թ-ի գարնանային զորակոչին, միաժամանակ նրա երկու եղբայրների՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքի հիման վրա զորակոչային հանձնաժողովի 01․06 թիվ 8 արձանագրությամբ ձեւակերպվել է նրա ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից։ Օրենքի 35-րդ հոդվածի պահանջով Նիկոլ Փաշինյանը հաշվառվել է ՀՀ ԶՈՒ պահեստազորում, իսկ 1995 թ-ին նրան, որպես պահեստազորայինի, տրվել է զինվորական գրքույկ։ Օրենքի 23-րդ հոդվածի տվյալ խմբագրումը գործել է մինչեւ 1993 թ-ի նոյեմբերի 8-ը եւ այդ օրն ուժի մեջ մտած օրենքի փոփոխությունով ազատման վերոնշյալ հիմքը վերացվել է, ինչը, սակայն, արդեն իսկ ձեւակերպված ազատման իրավունքը դադարեցնելու հիմք չէր կարող հանդիսանալ, քանի որ այն բացարձակ իրավունք է եւ կատարված փոփոխություններին հետադարձ ուժ չէր կարող տրվել։
Իրեն իրավունքի բարձրակարգ մասնագետ համարող Տիգրան Աթանեսյանը պետք է որ իմանար՝ անձի ազատումը կամ տարկետումը ձեւակերպվում է 18 տարեկանից հետո, ինչպես նաեւ՝ վատթարացնող նորմը չի կարող ունենալ հետադարձ ուժ եւ տարածվել նախկինում ծագած իրավահարաբերությունների վրա կամ չեղարկել դրանք։ Հետեւաբար հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսում փաստաբանը։ Ցավոք, այս հարցը որոշ շրջանակների հանգիստ չի տալիս եւ հանրությանը մոլորեցնելու իրենց անպատվաբեր գործում այն պարբերաբար դաշտ են նետում՝ չհասկանալով, որ ինչ պարբերականությամբ էլ այս թեմայով լուրջ դեմքով «բացահայտումներ» անեն, միեւնույն է փաստերը դրանից չեն փոխվելու։ 2014-ին՝ այս հարցի շահարկման հերթական ալիքի ժամանակ դեռեւս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մանրակրկիտ անդրադարձել է արել
Առաջարկում եմ եւս մեկ անգամ ընթերցել այն։ https://bit.ly/2Ah0iPl»,գրել է Մանե Գևորգյանը: