«Հրապարակ» օրաթերթ
- Երեկ թերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է կոորդինացնում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի դեմ հարուցված քրեական գործերի ընթացքը։ Երեկ ԱԱԾ-ն նրան հրավիրել էր հարցաքննության՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքով։ Ապա հայտարարեց, որ «Արթուր Վանեցյանը, անտեսելով օրենքով սահմանված տարիքային սահմանափակումները, 2018 թ. հուլիսի 18-ի հրամանով ավագ խմբի պաշտոնում (բաժնի պետ) է նշանակել նախկինում ծառայությունից արձակված 51 տարեկան փոխգնդապետի», ինչն ԱԱԾ նախկին տնօրենն ու նրա փաստաբանն անհեթեթություն և օրենքի չիմացություն որակեցին։ Եվ քանի որ մեղադրանքը, իրոք, անհեթեթ է, ու քաղաքական միտումը՝ ակնհայտ, երեկ, թերթի տեղեկություններով, արդեն նյութերի նախապատրաստումը մերժվել է, և այս գործը դեռ չհարուցված՝ փակվել է։ Սակայն, քանի որ վարչապետի հրահանգը շատ խիստ է՝ ամեն գնով հետապնդում սկսել Վանեցյանի դեմ, երեկ ԱԱԾ-ն նոր գործ է երկնել, և անգամ մարդ են ձերբակալել։ Հիմա էլ փորձում են ապօրինի զենքի մեղադրանք ներկայացնել Արթուր Վանեցյանին: «Այս սցենարի զավեշտն այն է, որ զենքը, որն իբր ապօրինի է և պատկանում է Վանեցյանին, գտնվում է ոչ թե նրա տնօրինության տակ, ասենք՝ իր տանը կամ գրասենյակում, այլ՝ ԱԱԾ-ում։ Մեզ հանձնարարել են հայտարարել, թե իբր ԱԱԾ-ի աշխատասենյակներից մեկում հայտնաբերվել է մի ապօրինի զենք, որը պատկանում է Ա․ Վանեցյանին»,- ասել է ԱԱԾ թերթի աղբյուրը: Ի դեպ, «ապօրինի» զենքը գտնվելիս է եղել ԱԱԾ սպառազինության բաժնում, որի պետն այժմ ձերբակալված է։ ԱԱԾ-ից թերթին ասել են՝ պաշտոնական հաղորդագրություն կտարածեն։
- Թերթի փոխանցմամբ՝ վրացական իշխանությունների որոշմամբ՝ սեպտեմբերի 1-16-ը չի գործի երկաթգիծը։ Այսինքն՝ Հայաստանից գնացքները չեն կարող հասնել Փոթիի կամ Բաթումիի նավահանգիստներ։ Պատճառը Թբիլիսիում կամրջի շինարարությունն է։ Ստացվում է՝ 16 օր բեռնափոխադրում չի իրականացվի, մինչդեռ երկաթուղով են Հայաստան ներկրվում բենզին ու դիզվառելիք, պարենային ու կենցաղային ապրանքներ։ Կկանգնի նաև արտահանումը Հայաստանից, օրինակ, հանքանյութի արտահանումը, որը երկաթուղուց բացի այլընտրանք չունի։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հաստատել են թերթի տեղեկությունը։ «Միակ տարբերակն այն է, որ 16 օր ապրանքները կուտակվեն նավահանգիստներում և երկաթգիծը բացվելուն պես սկսեն արագ-արագ տեղափոխել Հայաստան»,-գրել է թերթը։
«Ժողովուրդ» օրաթերթը
- Թերթի տեղեկություններով՝ արդարադատության նախարարությունը կառավարության հետ համատեղ գրեթե ավարտել է քննարկումները և առաջիկայում կներկայացնի նախագիծ, որը հնարավորություն կտա կորոնավիրուսային պայմաններում աշխատանքները կազմակերպել առանց արտակարգ դրությունը երկարացնելու: Միևնույն ժամանակ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին արդեն զգուշացվել է, որ հաջորդ շաբաթ պատրաստ լինեն. միգուցե արտահերթ նիստ հրավիրելու և նոր նախագիծը քննարկելու անհրաժեշտություն առաջանա: Անգամ եթե այս ընթացքում հնարավոր չլինի նոր նախագիծն ընդունել, միևնույնն է, օգոստոսի 12-ին ավարտվում է մարտի 16-ից Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը, և եթե օրենսդրությունը չփոխվի, ապա կրկին անհրաժեշտություն կառաջանա Ազգային ժողովի հատուկ նիստ գումարել և քննարկել այն ևս մեկ ամսով երկարաձգելու հնարավորությունը: Օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները դեռ երկմտում են՝ ինչպես վարվել՝ մեկ ամսով էլ երկարաձգել արտակարգ դրությունը և նոր օրենսդրություն ընդունել արդեն հերթական նստաշրջանում՝ այն կիրառելով սեպտեմբերից, թե ավարտել արտակարգ դրությունը և առաջնորդվել այլ կարգով:
«Ժամանակ» օրաթերթ
- Օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության որոշ ներկայացուցիչներ ուղղակի ճնշում են գործադրում այն համայնքապետերի վրա, որոնք համարձակվում են դեմ արտահայտվել համայնքների խոշորացման իշխանական ծրագրերին: «Ավելին՝ սպառնում են, որ այն համայնքները, որոնք կհամարձակվեն դեմ դուրս գալ իշխանության ծրագրերին, կզրկվեն պետության ֆինանսական աջակցությունից»,-գրել է թերթը։
- Թերթի փոխանցմամբ՝ ԲՀԿ-ում համոզված են, որ կուսակցության և անձամբ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդումը կարող է ուժեղացվել Բելառուսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի պարտության դեպքում: Օգոստոսի 9-ին Բելառուսում նշանակված են նախագահական ընտրություններ, և, ըստ թերթի, ի տարբերություն նախորդ նախագահական ընտրությունների՝ այս անգամ ընդդիմության թեկնածուն ավելի լայն հանրային աջակցություն ունի: