Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել է ՀՀ ոստիկանության բարեփոխումների ընթացքը: Ինչպես տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը, անդրադարձ է եղել նոր պարեկային ծառայության ստեղծման օրակարգին:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել նոր կառույցում աշխատանքի անցնել ցանկացող քաղաքացիների դիմումների ընդունման, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների ձեռքբերման, ուսուցումն անցկացնող դասընթացավարների ընտրության և մնացյալ աշխատանքների վերաբերյալ։ Նշվել է, որ արդեն 2020 թ. հոկտեմբերի կեսերից ոստիկանության կրթահամալիրում կմեկնարկի ընտրված քաղաքացիների ուսուցման գործընթացը, որի նպատակը համապատասխան պատրաստվածություն ունեցող ծառայողի կերպարի ձևավորումն է՝ նոր գործառույթներով, սարքավորումներով, հմտություններով և մտածելակերպով: Նախարարի խոսքով՝ բարեփոխումն ընթանում է բնականոն հունով՝ սահմանված ժամանակացույցին համապատասխան: Նախատեսվում է, որ պարեկային ծառայությունը Երևանում իր աշխատանքները կմեկնարկի 2021 թ. առաջին եռամսյակից, իսկ ամբողջ Հայաստանում՝ 2022 թ. առաջին եռամսյակից:
Խորհրդակցությանը քննարկվել են ստեղծվելիք ծառայության կառուցվածքային և կադրային համալրմանը, ինչպես նաև կառույցի տեղակայմանը վերաբերող հարցեր:
Վարչապետն ընդգծել է Հայաստանում նոր Պարեկային ծառայության ձևավորման ու կայացման կարևորությունը և հանձնարարել շարունակել ակտիվ աշխատանքը՝ նախանշված ժամանակացույցին համապատասխան: