«Ադրբեջանա- թուրքական հարձակումից հետո աշխարհն ի վերջո պետք է սկսի մտածել Արցախի անկախության ճանաչման մասին»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
Նրա գնահատմամբ՝ այս պատերազմի արդյունքում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ միջազգային ընկալումները փոխվել են։
«Մենք հիմա մի փուլում ենք, երբ ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն աշխատանք են տանում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար, այդ թվում այս պատերազմում Թուրքիայի ներգրավվածության, ահաբեկիչների հարցը։ Այս հարցերը պետք է քննադատության և համապատասխան վերաբերմունքի արժանանան»,- ասաց նա։
Ռուբինյանն այս պահին բանակցությունների մասին խոսելն անիմաստ է համարում։ Նրա կարծիքով՝ նախ պետք է պատերազմը դադարի և, եթե համապատասխան մթնոլորտ լինի, գուցե, հնարավոր լինի բանակցությունների մասին մտածել։
Ռուբինյանը նշեց, որ այսօր Մոսկվայում արտգործնախարարների մակարդակով քննարկվելու են կրակի դադարեցման, դիակների և գերիների փոխանակման հարցերը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: