Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրի կնքումից հետո Նիկոլ Փաշինյանի՝ մեկ օր ավելի իշխանության մնալը կորուստ է մեր երկրի և պետության համար։ Այս մասին այսօր վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անդամ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը։
«Այս երկու ամիսների ընթացքում մենք համոզվել ենք, որ այդ մարդը (Նիկոլ Փաշինյանը-խմբ․) կառչած է աթոռից, և երկիրն ամեն օր տանում է կործանման»,- նշել է Սաղաթելյանը, ապա ներկայացրել է ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերելու «Հայրենիքի փրկության շարժման» «ճանապարհային քարտեզը»։ Ըստ այդ ծրագրի՝
- վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ գործող կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի,
- պետք է ձևավորվի պրոֆեսիոնալ կառավարություն, որի անդամներն իրենց գործի գիտակները կլինեն,
- պետք է երկրում հաստատվի հասարակական համերաշխություն, վերջ տրվի թշնամանքին և ատելությանը,
- պետք է արագ ձեռնամուխ լինել հայրենիքի սահմանների պաշտպանությանն ու անվտանգությանը,
- ժամանակավոր կառավարությունը պետք է շատ արագ կերպով կարգավորի հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակիցներին հետ,
- պետք է կանխվի պետական համակարգի քայքայումը,
- պետք է կայունացվի երկրի սոցիալ-տնտեսական վիճակը։
Որպես այս ծրագրերի իրագործման գրավական՝ Սաղաթելյանը կարևոր է համարել Վազգեն Մանուկյանի անցած ուղին և պատրաստակամությունը՝ հաջորդ համապետական ընտրություններին չմասնակցելու հետ կապված։ «Սա շատ կարևոր չափանիշ է ժամանակավոր կառավարության համար»,-նշել է Սաղաթելյանը։
Նշենք, որ ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը» մարզային այցելությունն է նախաձեռնել։ Նախօրեին շարժման ղեկավար կազմը հանդիպում էր ունեցել գյումրեցի իրենց համակիրների հետ։