Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Banks.am-ի համար հոդված է գրել՝ «Տնտեսական արձագանքման ծրագրի և առաջիկա 6 ամսում կառավարության անելիքների մասին», որտեղ, մասնավորապես, առանձնացված է․
Գյուղատնտեսական նոր՝ բարձր ավելացված արժեք ձեւավորող մշակաբույսերի աճեցման եւ վերամշակման մեկնարկ
Հանրային-գիտական քննարկումներում հաճախ են հնչում գնահատականներ այն մասին, որ գյուղատնտեսության հնարավորությունների օգտագործումը Հայաստանում գտնվում է ցածր մակարդակի վրա՝ նկատի ունենալով, որ վարելահողերի զգալի մասը՝ մինչեւ 40-45 տոկոսը, ըստ էության, չի մշակվում:
Ոլորտի յուրահատուկ բնույթը հաշվի առնելով՝ ներդնելու ենք խիստ եւ հստակ կարգավորումներ՝ կրկին օգտագործելով միջազգային փորձը:
Ահա, այդպիսի լուծումներից է նոր տեսակի մշակաբույսերի մասնավորապես՝ արտադրական կանեփի մշակումը, որը ոչ միայն գնային առումով նախընտրելի է ու էժան, այլեւ բարձրորակ հումքի աղբյուր է: Այն կարող է օգտագործվել տեքստիլ արդյունաբերության, թղթի ու շինարարական նյութերի արտադրության, մշակաբույսի սերմի ու յուղի արտահանման համար:
Պետական գնումների ընթացակարգերում հակաճգնաժամային միջանկյալ ժամանակավոր գործիքի ներդրում
Այս միջոցառման նպատակը պետական գնումներում տեղական ընկերությունների մասնակցության խթանումն է: Պետական գնումների գործընթացում նման գործիքի միջոցով կառավարությունը սուբսիդավորելու է այն տեղական ընկերություններին, որոնք իրենց ծառայությունների մատուցման շրջանակում օգտագործելու են տեղական աշխատանքային ու արտադրական ռեսուրսները:
Կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումների շարունակում եւ վերափոխում
2020թ. մեծ մասը, ինչպես ողջ աշխարհը, այնպես էլ Հայաստանը, ստիպված եղավ անցկացնել կորոնավիրուսի համավարակի մարտահրավերին դիմակայելով, որը պետություններում սոցիալ-տնտեսական խոշոր ցնցումներ առաջացրեց: Համավարակի մեկնարկից ի վեր՝ Հայաստանի կառավարությունն ընդունեց դրա հետեւանքների չեզոքացման 25 միջոցառումներ, որոնցից մի քանիսն այսօր շարունակելու, ներկայիս պայմաններին համապատասխանեցնելու եւ նորովի գործարկելու կարիք ունեն:
Խոշոր քաղաքաշինական ծրագրերի մեկնարկ՝ Երեւանում եւ Հայաստանի համայնքներում
Տնտեսական արագ արձագանքման ծրագրի առանցքային կետերից է խոշոր քաղաքաշինական ծրագրերի մեկնարկը: Այս միջոցառմամբ միաժամանակ կառավարությունն ի ցույց է դնում իր կամքն ու պատրաստակամությունը՝ երկարաժամկետ ու խոշոր նախագծեր սկսելու հարցում: Սա նաեւ ուղերձ է մեր երկրի բիզնես միջավայրի կայունացման առումով, որն արձագանք է գտնելու նաեւ օտար ներդրողների մոտ՝ հեռանկարային հնարավորություններ բացելով: