Ռազմագերիների հարցը քսանչորսժամյա ռեժիմով մնում է մեր առաջնային ուշադրության կենտրոնում։ Միչգերատեսչական մեր հանձնախումբն աշխատում է բոլոր ուղղություններով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։
«Եթե նկատել եք, միջազգային ճնշումը հետզհետե աճում է։ Ինչպես ենթադրում էի՝ գերիների հայրենադարձության առումով արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը՝ պատանդառությունը, կամաց-կամաց Ադրբեջանի համար գլխացավանք է դառնում։ Եվ մենք լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի պատանդառության քաղաքականությունից և անհապաղ դրական լուծում կտա այս կարևորագույն հումանիտար հարցին»,-ասել է նախարարը։
Հարցին՝ կոնկրետ ժամկետներ քննարկվո ՞ւմ են, թե՞ ոչ, Այվազյանը պատասխանել է.
«Մի քիչ համբերությամբ փորձենք լցվել և լավատես լինել: Ամեն ինչ արվում է ոչ միայն մեր իշխանությունների, այլև մեր միջազգային գործընկերների կողմից, որոնք շատ մեծ ջանքեր են գործադրում»։