Հիմա, երբ Հայաստանի գլխին կրկին պատերազմի վտանգ է կախված, չեղարկում են ռազմական դրությունը: Դրա համար էլ ես դեմ քվեարկեցի: Թե չէ այստեղ տարբերվելու, անհարկի հակադրվելու խնդիր չկար: Ես այդպիսի հավակնություններ չունեմ։ Այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ անկախ, նախկինում ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որը դեմ քվեարկեց Ռազմական դրության չեղարկմանը։
Լրագրողների համար տարօրինակ է, որ Գևորգ Պետրոսյանը նախկինում առաջարկում էր հանել Ռազմական դրությունը, իսկ երբ այն բերվեց օրակարգ, դեմ քվեարկեց։ Պետրոսյանը բացատրեց, որ պատերազմն Արցախում էր, ՀՀ-ին վտանգ չէր սպառնում, իսկ հիմա օրական մեկ գյուղ ենք կորցնում, ռազմական դրությունը պետք է պահպանվի։ Իսկ այս իշխանությունների խնդիրը ոչ թե սահմանների անխախտությունն է, այլ վերընտրվելու բաղձանքը։
Պատգամավորն ասաց, որ ոչ թե արտահերթ ընտրություններ պետք է անցկացնել, այլ ձախողած իշխանությունը պետք է հեռանա։ Մտավախություն ունի, որ քարոզարշավի ընթացքում վարչապետը կարող է գնահատել իր ուժերն ու դրանք ոչ բավարար գտնելու դեպքում հայտարարել, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ չեղարկում է ընտրությունները։
«Ընտրությունը սարքել է իր համար թաշկինակ․․․ երբ պետք է՝ կասի կօգտագործենք, երբ պետք չի՝ կասի չենք օգտագործի։ Դրա վառ օրինակը նախորդ տարվա ՍԴ հանրաքվեի վիժեցումն էր, երբ բոլոր ռեսուրսներով մի պահ ուղղորդեցին հանրաքվեի կազմակերպական աշխատանքները, բայց հետո Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ դա անհեռատես քայլ է, որ դա հակասահմանադրական է, անմիջապես թաքնվեց կորոնավիրուսի հետևում․ նույն բանն այստեղ է սպասվում»,- ասաց Պետրոսյանը։