Ռեյտինգային ընտրակարգն իր ներդրման օրվանից մշտապես քննադատվել է․ եղել են քննադատություններ թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակական կազմակերպությունների, թե՛ փորձագետների կողմից։ Այս մասին ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի համահեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
Իշխանական պատգամավորի պնդմամբ՝ ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու հանրային պահանջ կա։
«ԱԺ ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելու շուրջ քաղաքական ուժերի շրջանում ի սկզբանե առկա է եղել լայն համախոհություն։ Հենց այս փուլում մենք պետք է այս փոփոխությունն ընդունենք և հրաժարվենք ռեյտինգային ցուցակներից։ Այս հարցում բոլորս ենք համակարծիք», – հայտարարեց Վահագն Հովակիմյանը՝ նշելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը քաղաքական ժգնաժամը հաղթահարելու լավագույն տարբերակն է։
Հովակիմյանի խոսքով՝ բացի ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելուց, Ընտրական օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է նաև անհրաժեշտ համապատասխան իրավական հիմքեր սահմանել՝ ընտրական գործընթացները կարանտինի պայմաններին համահունչ կազմակերպելու համար։
Հավելենք, որ «Իմ քայլը» կողմ է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, ԼՀԿ֊ն՝ դեմ, իսկ ԲՀԿ֊ն հայտարարել է, որ իրենց համար միևնույն է, թե որ ընտրակարգով կանցկացվեն ընտրությունները։