ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի ստորագրություններով սկիզբ դրվեց քաղաքական համագործակցությանը:
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը Վիկտոր Սողոմոնյանը կարդաց «Հայաստան» դաշինքի հռչակագիրը:
Հռչակագրում, մասնավորապես, ասված է.
«Դաշինքն առաջնորդվում է գիտակցությամբ, որ միայն համատեղ ջանքերով և միասնական լինելով է հնարավոր լուծել երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրները։
Մենք պատրաստ ենք ստանձնել ամբողջ պատասխանատվությունը պետության ճակատագրի հանդեպ, կանխել պետականության փլուզումը, ձևավորել նոր որակի իշխանություն, կերտել Հայաստանի ապագան:
Մենք համոզված ենք, որ խորհրդարանական մեծամասնության միջոցով կձևա- վորենք այնպիսի գործադիր իշխանություն, որը վեր կանգնելով նեղ քաղաքական նպատակներից, կծառայի ազգային-պետական շահերին, կիրականացնի դրանց պաշտպանությանն ուղղված արտաքին քաղաքականություն, կերաշխավորի հուսալի անվտանգություն, կկասեցնի սոցիալ-տնտեսական անկումը, կապահովի զարգացման բարձր տեմպեր, կկանխի զանգվածային արտագաղթի նոր ալիքը՝ անհրաժեշտ հիմքեր ստեղծելով արժանապատիվ և երկարաժամկետ խաղաղության համար:
Արցախի Հանրապետության հետ տեղի ունեցածը և շարունակվող գործընթացները ցավոտ հարված են մեր ազգային պետականությանը, խաթարում են երկրի անվտան- գությունն ու պաշտպանունակությունը, հարցականի տակ են դնում մեր արժանապատ- վությունն ու կյանքի իրավունքը:
Անարդարացի ստատուս քվոն կարող է նոր պատերազմի պատճառ դառնալ։ Ուստի մենք կողմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների միջնորդությամբ բանակցային գործընթացի վերսկսմանը՝ ուղղված Արցախի տարածքի վերականգնմանը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա, և Արցախ-Հայաստան երաշխավորված, գործուն ցամաքային անվտանգ կապի ապահովմանը։
Դաշինքը, մեր քաղաքացիների վստահության քվեն ստանալուն պես, հետամուտ է լինելու թուրք-ադրբեջանական ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, լծվելու է հետպատերազմյան հումանիտար աղետի հետևանքները մեղմելու աշխատանքներին (գերիների վերադարձ, զոհվածների և անհետ կորածների տվյալների ամբողջացում, վիրավորների ու հաշմանդամների, տնավեր դարձած մարդկանց սոցիալական աջակցություն, վերականգնողական աշխատանքներ և այլ կարևորագույն հարցեր)։
Մենք համոզված ենք, որ պատերազմից կարելի էր խուսափել, եթե անհեռատես և անպատասխանատու քայլերի հետևանքով բանակցությունները չմտնեին փակուղի։ Պատերազմը, դրան նախորդող ու հաջորդող գործընթացները պետք է քննության առարկա դառնան, ստանան քրեաիրավական և քաղաքական ամբողջական գնահատական։
Մենք պարտավոր ենք կասեցնել ազգակործան այս ընթացքը, դասեր քաղել անցյալից, Հայաստանն ազատել օտարածին օրակարգով շարժվող և թշնամու շահերը սպասարկող խմբակից, բոլոր ջանքերը գործադրել պետության և հասարակության կայուն, առողջ զարգացման համար, կառուցել մեր երկրի ապագան։
Մենք բացառում ենք.
- Մեկ անձի ձեռքում իշխանական լծակների կենտրոնացումը,
- Պետական իշխանության ինստիտուտների կազմաքանդումը,
- Իշխանության ամբարտավանությունը, ամենաթողությունը, ապազգային և ամբոխավարական գործելաոճը,
- Արդարադատությունը խոչընդոտելը,
- Հասարակության մեջ ներքին բաժանարար գծերի ստեղծումը, ներազգային պառակտումը,
- Սոցիալական բևեռացումը,
- Հանրային կարծիքի այլասերումը և կեղծ լուրերի հետևողական շրջանառման դատապարտելի քաղաքականության շարունակումը:
Մենք երաշխավորում ենք.
- Պետական համակարգի արդյունավետ կառավարում,
- Անվտանգ երկիր, պաշտպանված սահմաններ,
- Տնտեսության ակտիվացում, գյուղատնտեսության զարգացում, ներդրումների ներհոսք, կյանքի որակի տեսանելի բարելավում, աղքատության ցուցանիշների շեշտակի նվազեցում,
- Բացառապես լեգիտիմ ընտրություններով իշխանության ձևավորում,
- Կոռուպցիայից, հովանավորչությունից և չարաշահման որևէ դրսևորումից զերծ իշխանության գործունեություն,
- Պետական իշխանության ու բիզնեսի տարանջատում,
- Սոցիալական արդարության և բարեկեցության անհրաժեշտ պայմանների ստեղծում. հանրային կյանքի որակի իրական և առաջանցիկ բարելավում,
- Երիտասարդության ակտիվ ներգրավում,
- Հասարակության մեջ նոր վարքականոնի հաստատում»: