Եթե բանակցություններն արդյունք չտան, հարկադիր ուժի կիրառմամբ ադրբեջանական զորախումբը պետք է վռնդվի ՀՀ տարածքից։ Այս մասին Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նա տեղեկացրեց, որ հիմա էլ բանակցությունները շարունակվում են։ Արմեն Խաչատրյանը հույս հայտնեց, որ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները կավարտվեն Հայաստանի պահանջի կատարմամբ։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ բանակցությունների արդյունում, օրինակ, Սև լճի տարածքը չեզոք գոտի դառնա, Արմեն Խաչատրյանն արձագանքեց․ «Չեզոք գոտին շատ արդյունավետ միջոց է հահամարտող կողմերի միջև հրադադարը պահպանելու համար։ Սակայն, չեզոք գոտին չպետք է լինել ՀՀ տարածքների հաշվին։ Դա ընդունելի չէ։ Եթե ստեղծվի չեզոք գոտի, այն պետք է իրականացվի նաև Ադրբեջանի տարածքի հաշվին»։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։
Ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ-ն, Սյունքիում ստեղծված իրավիճակով պայմանավորված, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։