Ռուս-հայկական հարաբերությունները ժամանակի ընթացքում ստուգված են, և ես կասկած չունեմ, որ դրանք կշարունակեն զարգանալ փոխվստահության, ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային գործակցության ոգով: Այս մասին «Аргументы и Факты»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանը միշտ պատրաստ է օգնել եղբայրական հայ ժողովրդին։ Դրա վկայությունն են Ռուսաստանի, անձամբ նախագահ Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հաջողվել է 2020 թվականի աշնանը հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը Լեռնային Ղարաբաղում, գործարկել տարածաշրջանում իրադրության կարգավորման գործընթացը», — ասել Է Լավրովը:
Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի համատեղ հայտարարություններում, ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում են: Դա վերաբերում է, մասնավորապես, հակամարտության հումանիտար եւ սոցիալ-տնտեսական հետեւանքների վերացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը, ասել Է Լավրովը՝ հավելելով, որ «ռուսական աջակցությունը բարձր գնահատականի է արժանանում հայ բարեկամների կողմից»:
«Կարևոր է նաեւ հասկանալ, որ Ռուսաստանի և Հայաստանի միջեւ հարաբերությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղի խնդրով։ Մենք ունենք աննախադեպ ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն բարձր և այլ մակարդակներում։ Միայն այս տարի մեր ղեկավարները հանդիպել են երկու անգամ, բազմաթիվ հեռախոսազրույցներ են ունեցել։ Մայիսի սկզբին տեղի ունեցավ իմ այցը Երեւան», – ասել է Սերգեյ Լավրովը։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև հիշեցրել է Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված օգնությունը համաճարակի դեմ պայքարի շրջանակում։
«Ռուսաստանը Հայաստանին է փոխանցել մի քանի տասնյակ հազար «Սպուտնիկ V» պատվաստանյութ։ Քննարկում ենք հետագա աջակցության հարցը։ Հաջողությամբ զարգացնում ենք կապերը առևտրի և տնտեսության մեջ, ինչին նպաստում են տնտեսական համագործակցության ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների պարբերական հանդիպումները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: