Սիրիայի Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) նախագահ Համուդա Սաբահը հինգշաբթի հայտարարել է Արաբական Հանրապետության նախագահական ընտրության քվեարկության արդյունքները, որը տեղի է ունեցել մայիսի 26-ին, հաղորդում է ТАСС-ը:
«Ընտրություններում հաղթանակ է տարել գործող նախագահ Բաշար Ասադը, որն ստացել է ընտրողների 95,1 տոկոսի աջակցությունը»,- հայտարարել է Սաբահը:
«Ընտրողների մասնակցությունը կազմել է 78 տոկոս՝ ավելի քան 14 մլն քաղաքացի»,- նշել է խոսնակը: Նա ուշադրություն հրավիրեց քաղաքացիների դրսևորած «բարձր գիտակցության վրա, որը գերազանցեց բոլոր սպասումները»։
«Սիրիացիները ցույց են տվել, որ լի ենք վճռականությամբ՝ դիմակայելու վտանգավոր մարտահրավերներին», – ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:
Ասադի հակառակորդները՝ սոցիալիստ-յունիոնիստների կուսակցությունից խորհրդարանի նախկին պատգամավոր Աբդալլահ Սալյում Աբդալլահը և հայրենասիրական ընդդիմության ներկայացուցիչ Մահմուդ Ահմեդ Մուրաին ստացել են համապատասխանաբար 1,5 և 3,3 տոկոս ձայն:
Նախագահական լիազորությունների ժամկետը, ըստ 2012 թվականի Սահմանադրության, յոթ տարի է: Նախորդ ընտրությունները, որոնք նույնպես անցկացվել են այլընտրանքային հիմունքներով, կայացել են 2014 թվականին, դրանց ընթացքում Ասադը ստացել է ընտրողների 88,7 տոկոսի աջակցությունը:
Պետության գործող ղեկավարը 2000 թվականին իր հոր՝ Հաֆեզ Ասադին է փոխարինել, որը կառավարում էր երեք տասնամյակ։ 2007 թվականին Բաշար Ասադն ընտրվել է երկրորդ նախագահական ժամկետով՝ հանրաքվեի արդյունքներով և երդում է տվել Ժողովրդական խորհրդի պատգամավորների առջեւ: Այդ ժամանակ երիտասարդ առաջնորդի բարեփոխական քաղաքականության օգտին քվեարկել էր ընտրողների 97,62 տոկոսը։ Ասադը Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության գլխավոր քարտուղարն է, որը Դամասկոսում է գտնվում 1963թ. – ից։