«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին հարցրինք, թե ում օգտին է քվեարկելու եւ որեւէ ուժի օգտին քարոզչություն անելո՞ւ է։ Նա ասաց՝ «Ժամանակը կգա, ես կասեմ»։ Ապա լրացրեց՝ «Մի բան շատ ակնհայտ է՝ արտահերթ ընտրություններ են, որովհետեւ նախորդ իշխանությունը երկիրը բերեց կատաստրոֆայի։Այս ընտրությունների նպատակն է նախկին իշխանություններից ազատվելը։ Այսինքն՝ պետք է քվեարկել այն կուսակցությունների օգտին, որոնք անցողիկ են եւ վարչապետի միասնական թեկնածու կառաջադրեն»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 20-ին ընդառաջ ակտիվանում են խոսակցություններն այն մասին, որ տարբեր քաղաքական ուժեր հին ու բարի ժամանակների նման ցուցակագրել են քաղաքացիների, որոնց իբրեւ թե պետք է ընտրակաշառք բաժանվի կոնկրետ քաղաքական ուժի ձայն տալու համար։ Իշխանական շրջանակներից մեզ փոխանցեցին, որ այս առումով իսկապես խնդիր կա, ու քանի որ հատկապես որոշ մարզերում ուժային կառույցների աշխատանքի նկատմամբ չկա 100-տոկոսանոց վստահություն, ուստի շատ հնարավոր է, որ լինեն ընտրակաշառքի դեպքեր, որի մասին ուժայինները չհայտնեն կամ հավուր պատշաճի չարձագանքեն դրանց»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրները զբաղված են նախընտրական եռուզեռով եւ հարկ չեն համարում այլեւս խորհրդարանի աշխատանքներին մասնակցել․ երեկ քվորումի բացակայության պատճառով տապալվեց խորհրդարանի հերթական նիստը։ Բայց նրանք իրենց չեն զրկում գործուղումներ մեկնելու հնարավորությունից։ Երեկ Արարատ Միրզոյանը կարգադրություն է ստորագրել, համաձայն որի ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները հունիսի 19-25-ը կմեկնեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին»։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Էրդողանն իր ծավալապաշտական քաղաքականության իրականացման շրջանակներում հասել է Ռուսաստանի «պարիսպների» տակ, եւ հետագա քայլերի համար ՌԴ-ի հետ ջերմ-գործընկերային հարաբերություններ շարունակելը տրամաբանական չէ: Այս փուլում սեփական շահն առաջ տանելու համար Թուրքիային պետք է արդեն ՆԱՏՕ-ի իր գործընկերների աջակցությունը եւ Էրդողանը սահուն անցում է կատարում իր ավանդական ուղեծիր՝ ՆԱՏՕ…»: