Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյում այցելել է հայտնի ճապոնացի գործարար և բարերար, հայ ժողովրդի բարեկամ Շիբուսավա Էիչի հուշահամալիր-հիմնադրամ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Էիչի Շիբուսավայի կողմից 1922 թվականին Տոկիոյում ստեղծվել է բարեգործական «Հայ օգնության հիմնադրամը» («The Armenian relief fund»), որը զգալի օգնություն է ցուցաբերել ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին՝ հատկապես Ճապոնիայի միջոցով դեպի ԱՄՆ և այլ երկրներ տեղափոխվելու և ապաստան գտնելու հարցում: Հիմնադրամի ստեղծման գործում դերակատարություն է ունեցել նաև Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն:
Նախագահ Սարգսյանը Շիբուսավա Էիչի հուշահամալիր-հիմնադրամում հանդիպում է ունեցել տնօրեն Ջունեցու Կոմացուի և Էիչի Շիբուսավայի ծոռան՝ Մասահիդե Շիբուսավայի հետ:
«Դուք ևս, որպես ազգ, դժվարին ժամանակներ եք ապրել, ունեցել եք կորուստներ, երբեմն մտածել եք, որ ամեն ինչ կորցրել եք, իսկ հետո վերականգնվել եք և կառուցել եք ձեր հայրենիքը: Հուսով եմ՝ նոր էջ կսկսենք հայ-ճապոնական հարաբերություններում, որը կենտրոնացած կլինի ապագայի, նոր տեխնոլոգիաների, նոր ուղիների վրա: Հենց այս առաքելությամբ եմ ես այստեղ»,- նշելէ ՀՀ նախագահը։
Այնուհետև Սարգսյանը Մասահիդե Շիբուսավային է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Հենրի Մորգենթաու» հուշամեդալը:
«Ձեր մեծ պապը՝ Էիչի Շիբուսավան մեծ գործարար էր, Ճապոնիայի տնտեսության հիմնադիրներից մեկը: Նա մեկն է, ում շնորհիվ փրկվեցին մեծ թվով հայեր: Եվ այստեղ խոսքը միայն կյանքեր փրկելու մասին չէ: Ամենակարևորն այն է, որ ժողովուրդը վերապրում ու վերածնվում է, եթե ունի հույս: Կարևոր չէ, թե այսօր որքան ծանր վիճակում ես, եթե կա հույս, կարող ես վերապրել, եթե կա հույս, կարող ես վերակառուցել, եթե կա հույս, կարող ես շարունակել քո կյանքը: Հույս կունենաս, եթե ուժեղ ես, հույս կունենաս, եթե ունես ընկերներ՝ ինչպես 1915 թվականին՝ Ցեղասպանությունից հետո: Մենք ունեինք ընկերներ, և նրանցից մեկը դեսպան Մորգենթաուն էր, իսկ մյուսը՝ Ձեր մեծ պապը»,-ասել է նախագահը։
Սարգսյանն ու հիմնադրամի տնօրենը քննարկել են ինչպես գործարար, այնպես էլ հումանիտար ոլորտներում փոխգործակցության ակտիվացման հեռանկարները, խոսել համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությունների մասին: Նախագահ Սարգսյանը հիմնադրամի տնօրեն Ջունեցու Կոմացուին և Մասահիդե Շիբուսավային հրավիրել է այցելել Հայաստան: