Մենք միշտ հատուկ ուշադրություն ենք դարձրել Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում պատմամշակութային ժառանգության պահպանման հարցին։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը՝ պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստատեսության թղթակցի հարցին:
Նրա խոսքով, Մոսկվայում համոզված են, որ նշվածը կարևոր հումանիտար թեմա է, որը պարբերաբար բարձրացվում է Երևանի և Բաքվի պաշտոնական ներկայացուցիչների հետ շփումներում: Ռուս խաղաղապահներն ուղեկցում են ուխտավորների խմբեր, որոնք այցելում են Դադիվանք, Ամարաս և Գանձասար։
«Ամեն կերպ աջակցում ենք տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ կազմակերպմանը, որը կարող էր տեղում տալ պատմաշակութային հուշարձանների վիճակի գնահատականը»,- նշել է Բիկանտովը՝ հավելելով, որ խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսադաշտում է:
Պատասխանելով հուլիսի 28-ին Հայաստանի սահմանին ադրբեջանական զորքերի սադրանքների մասին հարցին, որոնց հետևանքով երեք հայ զինծառայող է զոհվել՝ դիվանագետը նշել է, որ ռուսական կողմը լրջորեն մտահոգված է վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տեղի ունեցող միջադեպերով:
Նա նշել է, որ տագնապ է առաջացնում այն հանգամանքը, որ այդ միջադեպերն ուղեկցվում են մարդկային զոհերով։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ չնայած ձեռնարկված բոլոր քայլերին, ցավոք, սահմանային լարվածությունը դեռ չի նվազում։
«Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը։ Բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Ռուսաստանը պատրաստ է այսուհետ ևս ակտիվ ներդրում ունենալ հայ-ադրբեջանական սահմանի շրջանում իրադրության կարգավորման գործընթացում, այդ թվում՝ սահմանների սահմանագծման և սահմանազատման համատեղ աշխատանքի գործարկման միջոցով: Այդ միջոցները տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ մեկտեղ կնպաստեն Անդրկովկասի անվտանգության, բարգավաճման կայուն գոտի դարձնելուն՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների»,- հայտարարել է Բիկանտովը:
Խոսելով հայ ռազմագերիների հետ կապված իրավիճակի մասին, որոնք, ըստ նույն հայտարարությունների, պետք է անհապաղ վերադարձվեն հայրենիք, ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրենի տեղակալը նշել է, որ հարցը գտնվում է մշտական հսկողության տակ:
Շփումները շարունակվում են նաև երկու երկրների պաշտպանության նախարարությունների մակարդակով։ Նա հայտնել է, որ բառացիորեն օրերս՝ օգոստոսի 2-ին, ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ։