Խոնարհվում եմ մեր բոլոր զինվորների շիրիմների առջև։ Մենք ունենք և՛ ընկերներ այստեղ պառկած, և՛ զինվորներ, և՛ անմիջական նախկին ենթականեր։ Այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։
Նա նշեց, որ ամեն ինչ անելու են, որ Եռաբլուրը նմանվի պանթեոնի, ոչ թե նմանակվի գերեզմանոցի։
«Սա մեր սուրբ տեղն է, և մենք այստեղ պետք է գանք՝ իրենց հետ ժամանակ անցկացնենք և չհաշվենք իրենց մահացած»,- ասաց Կարապետյանը։
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ, լայնածավալ ագրեսիա ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ: Պատերազմի հետևանքով, որը տևեց 44 օր, Մարտակերտի շրջանի մի մասը, Հադրութի, Աղդամի, Շահումյանի և Լաչինի (բացառությամբ Լաչինի միջանցքի) շրջանները, Շուշի քաղաքն անցան Ադրբեջանի վերահսկողության տակ:
2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ, համաձայնագիրը նախատեսում էր ռուս խաղաղապահներ տեղակայել հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ և Ադրբեջանի վերահսկողության տակ թողնել Արցախի տարածքի մի մասը՝ ներառյալ Շուշի քաղաքը:
Ըստ պաշտոնական տվյալների, պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների և խաղաղ բնակիչների թիվը 3781 է: Մոտ 11 հազար մարդ վիրավորվել է: 2021 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ 231 զինծառայող և 22 քաղաքացիական անձ անհետ կորել է: Ադրբեջանական գերության մեջ է 80 մարդ, 108 զինծառայող և քաղաքացիական անձինք վերադարձել են գերությունից: