Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության ֆոնին Եվրամիությունը Վրաստանին զսպվածության, օրենքների պահպանման և հիմնարար իրավունքների հարգման կոչ է անում: Այս մասին РИА Новости-ին հայտնել է միության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլյա Մասրալին:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում ուրբաթ՝ հոկտեմբերի 1-ին: Մինչ այդ նախկին նախագահն ասել էր, որ մտադիր է հայրենիք վերադառնալ մինչև հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Վրաստանում նրա նկատմամբ մի քանի քրեական գործերով հետախուզում է հայտարարվել: Երկրի իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ նրան կձերբակալեն սահմանը հատելուն պես:
«Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիի՝ Վրաստան վերադարձի և հետագա ձերբակալման կապակցությամբ ԵՄ-ը կոչ է անում իշխանություններին և ընդդիմությանը գործել զուսպ և պահպանել օրենքի գերակայությունը: Հիմնարար իրավունքները պետք է հարգվեն և համապատասխան օրինական ընթացակարգերը պետք է պահպանվեն»,- ասել է գործակալության զրուցակիցը:
ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ «բոլոր կողմերը պատասխանատու են դեէսկալացիայի ջանքերում ներգրավված լինելու համար»: «Ներառական խորհրդարանական գործընթացը, քաղաքական կայունությունը և Վրաստանի քաղաքացիների վստահությունը վայելող դատական համակարգը, համաձայն ասոցացման համաձայնագրի, ԵՄ-ի հետ Վրաստանի գործընկերության խորացման նախադրյալն է», – ասել է նա:
Վրաստանի նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության ցույցը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: