Անհրաժեշտ է հստակ պատկերացում ունենալ «3 + 3» ձևաչափի, դրա նպատակների և խնդիրների վերաբերյալ: Այս մասին հոկտեմբերի 8 -ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը՝ մեկնաբանելով նախաձեռնությունը, որի մասին Մոսկվայում խոսել են Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները:
Ալեքսանյանի խոսքով՝ այդ ձևաչափի մասին խորհրդարանի նիստում խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կարևոր է հասկանալ, թե որ երկրներն են ներգրավվում, և որ հարցերը կլինեն քննարկման առարկա: Այս ամբողջ գործընթացը գնահատելուց հետո կարելի է սեփական մոտեցումները ձևավորել:
Ալեքսանյանը միաժամանակ բացառում է ձևաչափի մասնակիցների մոտեցումները Հայաստանին պարտադրելու հնարավորությունը: «Հարցը քննարկման փուլում է, բայց ևս մեկ անգամ ևս նշեմ. Կարևոր է գնահատել նման ձևաչափի իրագործելիությունը կամ աննպատակահարմարությունը և միայն դրանից հետո համապատասխան որոշումներ կայացնել», – ասել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6 -ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է տարածաշրջանում «3 + 3» նոր ձևաչափի ձևավորման աշխատանքների մասին` մի կողմից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և մյուս կողմից՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ։ Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, Իրանը դրական վերաբերմունք ունի այս նախաձեռնության նկատմամբ, ինչպես Թուրքիան և Ադրբեջանը: «Մենք աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ: Հուսով ենք, որ Վրաստանը, չնայած իր առջև ծառացած բոլոր խնդիրներին, կկարողանա տեսնել իր հիմնարար շահը`ստեղծելու այս տարածաշրջանի զարգացմանը, արագացված զարգացմանն ուղղված խորհրդակցությունների և որոշումների համաձայնեցման մեխանիզմ, որը երկար ժամանակ զսպել է դրա զարգացումը այստեղ ընթացող հակամարտությունների պատճառով», – ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: