Չնայած Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությանը՝ Վրաստանը պետք է գոնե ինչ-որ կերպ ներկայացված լինի «3+3» նոր բանակցային ձևաչափում: Այս կարծիքը ուրբաթ օրը հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում:
«Իհարկե, այն պայմաններում, երբ [Աբխազիայի և Հարավային Օսիայի] դեօկուպացիայի ուղղությամբ առաջընթաց չկա, շատ դժվար է նստել այս ձևաչափով [«3+3»] և քննարկել որոշ ենթակառուցվածքային նախագծեր: Այնուամենայնիվ, ես ուզում եմ հանրությանը տեղեկացնել այս դիրքորոշման մասին. նման խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում մենք պետք է ներկայացված լինենք գոնե ինչ-որ ձևով»,- ասել է նա։
Նկատենք, որ 3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան+Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ձևաչափով տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու գաղափարը Թեհրանը հնչեցրել էր դեռևս 2003-ին: