Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին։ Երկու օր է՝ Կապանի ստրատեգիական կարևոր բարձունքը վերահսկում են ադրբեջանցիները։ Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։
«Ես տեղեկացված եմ, որ այն հատվածը, որը մենք Փելա սար ենք անվանում, ամբողջովին անցել է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Երեկ չէ անցած օրվա դրությամբ սարն անցել է իրենց»,- տեղեկացրել է Փարսյանը։
Նա նշել է, որ դեռևս երկու օր առաջ սարի մի հատվածում հայ զինծառայողներն էին վերահսկողություն իրականացնում, մյուսում՝ ադրբեջանցիները։
Գևորգ Փարսյանը նաև ասել է, որ բարձունքն ադրբեջանցիներին հանձնելու մասին պայմանավորվածություններ ձեռք էին բերվել դեռ 2021-ի ձմռանը, սակայն դրա մասին պաշտոնական հրապարակումներ այդպես էլ չեն եղել։
«1990-ականների պատերազմի ժամանակ այդ բարձունքից ուղիղ խոցվում էին մեր բնակավայրերը: Այդ բարձունքն առավել մոտ է Ագարակ գյուղին, Խդրանց գյուղին, Սյունիք գյուղին, Դիցմայրի գյուղին, նաև Կապան քաղաքին»,- մանրամասնել է նա։
Հիշեցնենք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը գրառում էր արել՝ նշելով, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ իշխանությունները հերթական նվերն են մատուցում իրենց կիրթ ու կառուցողական բարեկամներին`զիջելով ստրատեգիական նշանակության նոր բարձունքներ Կապանում:
Պատգամավորը նաև հայտարարել էր, որ Փելա սարն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո` անմիջական անվտանգային սպառնալիքներ ստեղծելով նաև հարակից գյուղերի համար։