«Լավ կլիներ, որ Ռուսաստանը, նախքան որևէ նոր հարթակի մասին խոսելը, կատարեր 2008 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները»: Այս մասին ասել է Վրաստանում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ մեկնաբանելով «Վեցնյակի պլատֆորմը» իր վրացի գործընկեր Յուանշեր Բուրչուլաձեի հետ համատեղ ասուլիսում:
Նախարարը նշել է, որ Հարավային Կովկասի երկրները, առաջին հերթին, պետք է ամրապնդեն տարածաշրջանային համագործակցությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց «3+3» նոր ձևաչափի ձևավորման վերաբերյալ քննարկումների մասին` մի կողմից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, մյուս կողմից` Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ:
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, Իրանը դրական վերաբերմունք ունի այս նախաձեռնության նկատմամբ, ինչպես Թուրքիան և Ադրբեջանը: «Մենք աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ: Հուսով ենք, որ Վրաստանը, չնայած իր առջև ծառացած բոլոր խնդիրներին, կկարողանա տեսնել իր հիմնարար շահը` ստեղծել այս տարածաշրջանի զարգացման համար խորհրդակցությունների և որոշումների համաձայնեցման մեխանիզմ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Ավելի ուշ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է ԶԼՄ-ների հաղորդագրությունները, ըստ որոնց` վարչության պետ Դավիթ Զալկալիանին, իբր, հաստատել է Թբիլիսիի պատրաստակամությունը` մասնակցելու բանակցային գործընթացին «3+3» նոր տարածաշրջանային ձևաչափով: