Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում։
Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ-ն՝ հերքելով լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե իբր Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին:
Նշենք՝ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին։ Երկու օր է՝ Կապանի ստրատեգիական կարևոր բարձունքը վերահսկում են ադրբեջանցիները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը գրառում էր արել՝ նշելով, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ իշխանությունները հերթական նվերն են մատուցում իրենց կիրթ ու կառուցողական բարեկամներին`զիջելով ստրատեգիական նշանակության նոր բարձունքներ Կապանում: Պատգամավորը նաև հայտարարել էր, որ Փելա սարն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո` անմիջական անվտանգային սպառնալիքներ ստեղծելով նաև հարակից գյուղերի համար։