«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ալյուրի գինը դարձյալ բարձրացել է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին են ահազանգում քաղաքացիները՝ դժգոհելով թանկացումներից: Օրինակ՝ մեկ կիլոգրամ ալյուրի գինը 210 կամ 220 դրամ էր, սակայն վերջին օրերին այն բարձրացել է՝ դառնալով 275-280 դրամ: 25 կիլոգրամանոց ալյուրի մեկ պարկը 6800 դրամ արժե: Ալյուրի շուկայում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գնաճ արձանագրել է նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեն 1.5 տոկոսի չափով: Իսկ, ահա, մեկ տարվա ընթացքում ալյուրի գինը բարձրացել է 7.2 տոկոսով: 25 կգ-անոց ալյուրի մեկ պարկը նախորդ տարի հնարավոր էր գնել 5200 դրամով: Բացի այս, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա 9 ամիսներին ալյուրի արտադրության ծավալները զգալի են պակասել՝ կազմելով 23 տոկոս»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման սկիզբը հայտարարած «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 9-ից հետո զանգվածային միջոցառումներ չի նախաձեռնել, փողոցային պայքարի դուրս չի գալիս։ Դաշինքից մեզ ասացին, որ նոյեմբերի 22-ից սկսած, ամեն օր՝ ժամը 17:00-20:00-ն քաղաքացիները կարող են այցելել իրենց գրասենյակներ եւ կամավորագրվել։ «Մենք ձեզ կտեղեկացնենք Դիմադրության շարժման հետագա ծրագրերի մասին, կլսենք դրանց վերաբերյալ ձեր առաջարկները: Սա մեկ ժամվա, մեկ օրվա, մեկ մարդու, մեկ ուժի պայքար չէ, սա ուժերի համախմբում եւ համակարգված աշխատանք պահանջող պայքար է»,- տեղեկացրին դաշինքից: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դաշինքում, այսպես կոչված, «գույքագրման» աշխատանքներ են իրականացվում, ուզում են հասկանալ, թե ինչ ունեն՝ ե՛ւ մարդկային, ե՛ւ ֆինանսական ռեսուրսների առումով, որպեսզի գծեն պայքարի նոր սցենար»։
«Իրավունք» թերթը գրում է. ««Նիկոլ Փաշինյանի անձի հանդեպ ու նրա վարած քաղաքականության հանդեպ ունեմ ամենաքննադատական մոտեցումները, բայց չենք պատրաստվում փողոց դուրս գալ ինչ-որ փաստաթղթի ցուցադրություն պահանջելու, դա առնվազն լուրջ չէ»: «Իրավունքի» հետ զրույցում, անդադառնալով «Ազատագրական շարժման» պահանջներին, նման կարծիք հայտնեց ՀԱԿ կուսակցությունից Լեւոն Զուրաբյանը: Հարցին՝ իսկ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս կգա՞ն, մեր զրուցակիցը խուսանավեց պատասխանել. «Գիտեք, նման հարցերը հեռախոսով քննարկելուն դեմ եմ, շնորհակալություն»»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Սոչիում տեղի կունենա Փաշինյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպումը, սակայն հանդիպմանն ընդառաջ՝ փակ դռների հետեւում բանակցություններ են ընթանում երկու կողմերի միջեւ՝ Մոսկվայի գլխավորությամբ: Նախօրեին, օրինակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը քննարկել էր Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ Պուտինը ներկայացրել էր եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ տնտեսական, տրանսպորտային կապերի վերականգնումը Հարավային Կովկասում՝ ասելով, որ հենց այդ հարցերն են նախատեսում այսօր քննարկել Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը: Նախորդ օրն էլ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ»։