«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսին արտառոց միջադեպ է տեղի ունեցել ՏՄՊՊՀ-ում: Հանձնաժողովի աշխատակիցներից մեկը պատմեց, որ նիստի ժամանակ, որը վարել է Գեղամ Գեւորգյանը, վեճ է ծագել մեթոդաբանության եւ շուկաների վերահսկողության վարչության պետ Դավիթ Էլոյանի եւ մրցակցության վարչության աշխատակից Արսեն Պետրոսյանի միջեւ, ապա վերաճել է ձեռնամարտի: Էլոյանին չի կաշկանդել հանձնաժողովի նախագահի ներկայությունը, «վազել է իր աշխատասենյակ, դանակ բերել, որ հարձակվի Արսենի վրա», հետո Պետրոսյանին կանչել է միջանցք՝ «ռազբորկայի»։ Ահաբեկված աշխատակիցները փախել են իրենց սենյակներ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում որոշվեց 2021թ. պետական բյուջեով հաստատված վարչապետի աշխատակազմի «Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «Գյուղացիական տնտեսավարողներին տրամադրվող աջակցություն» միջոցառման գծով հատկացումներից 350 մլն դրամը վերաբաշխել Էկոնոմիկայի նախարարությանը գյուղատնտեսական ոլորտի տնտեսավարողներին աջակցության տրամադրման նպատակով` տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով: Հարցը օրակարգում ներառվեց կառավարության նիստի սկսվելուց մի քանի րոպե առաջ»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ առավոտյան մինի-կոլապս էր Երևանի կանգառներում: Բանն այն է, որ հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չէին աշխատում. վարորդները գործադուլ էին անում: Ինչպես պարզվեց, նրանք, մասնավորաբար, պահանջում էին աշխատավարձի բարձրացում, ինչպես նաև, ըստ քաղաքապետարանի պարզաբանման, «որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ և ուղեվարձերից «սև» եկամուտ»։ Ի դեպ, քաղաքապետարանի տարածած հայտարարությունից պարզ է դառնում, որ ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ… 15 օրվա աշխատանքի համար»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն այսօր Բրյուսելում կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին: Արդեն դրանից հետո այսօր երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ: Հիշեցնենք, որ վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպեցին Մոսկվայում նոյեմբերի 26-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Հանդիպումից հետո երեք երկրների ղեկավարները հայտարարություն տարածեցին, որով վերահաստատեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա հետեւողական իրականացման եւ անվերապահ պահպանման հանձնառությունը: Բացի այդ, կողմերը նաեւ նշել են ռուսական խաղաղապահ առաքելության կարեւոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման եւ անվտանգության ապահովման գործում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին մեկ տարին ՔՊ-ական վերնախավի, հատկապես ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ մտերմացած քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանը՝ Չաղ Ռուստամը, հայտնվել է իշխանական թիրախում։ Դեկտեմբերի 5-ի ընտրություններում Թալինի համայնքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանը «Հայք» կուսակցության ցուցակով ստացել է 3 մանդատ, որը կարող է վճռորոշ լինել համայնքապետ ընտրելու հարցում։ Եթե նա միանա 10 մանդատ ստացած ՔՊ-ին, ապա իշխանական Տավրոս Սափեյանը կդառնա համայնքապետ, եւ իշխանությունը տեռորի է ենթարկել Չաղ Ռուստամին, որը Գրիգորյանի ազգականն է։ Բայց «Հայքի» թեկնածուն համառ է եղել, ուստի Ռուստամի դեմ կիրառել են իշխանական ողջ արսենալը՝ մեկ ամսում 3 անգամ բերման են ենթարկել։ Մեկ անգամ տնից են «ասֆալտին փռելով» տարել, մյուս անգամ՝ ռեստորանից։ Մի քանի ժամ պահել են ոստիկանապետի սենյակում եւ ուղիղ տեքստով հասկացրել, որ վատ է լինելու իր համար»։