«Ձեռքերդ հեռո՛ւ ԵՊՀ-ից», «ԵՊՀ-ն չի՛ ՔՊ-անալու», «Բուհերի քաղաքականացումը պոզով-պոչով չի՛ լինում» գրություններով պաստառներով ԵՊՀ շենքի նախասրահում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ուսանողների մասնակցությամբ։
Նրանց խոսքով՝ երեք տարի անդադար ՀՀ բոլոր պետական կառույցները «ՔՊ-անում են»։ «Մեր պայքարը կոնկրետ անձի դեմ չէ, մենք համակարգի դեմ ենք պայքարում, քանի որ ողջ կառավարման տարիներին ամեն ինչ արել են, որ բոլոր պետական հիմնարկները, որոնք պետք է անկախ գործեն, հարմարեցնեն իրեն, դառնան իր կամակատարը»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ Նա նշեց, որ անկախ ԵՊՀ ռեկտորի թեկնածուի քաղաքական հայացքներից՝ հնարավոր չէ լեգիտիմ համարել, քանի որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ղեկավարի դերում մի անձ է, որին համարում ենք պարտության խորհրդանիշ, դավաճանական կառավարման կարկառուն ներկայացուցիչ։
Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԵՊՀ-ն ընտրում է ռեկտոր։ Ընտրություններին ներկա է ԵՊՀ հոգաբարձուների նախագահ Սուրեն Պապիկյանը։ Ռեկտորի պաշտոնում առաջադրվել է պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։